ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թարթառ գետի ու նրա վտակների վրա կառուցվող ՀԷԿ-երի շինարարությունը պետք է անհապաղ դադարեցնել․ պատգամավոր

Թարթառ գետի ու նրա վտակների վրա կառուցվող ՀԷԿ-երի շինարարությունը պետք է անհապաղ դադարեցնել․ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը Իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-երի շինության անվերապահ դադարեցման վերաբերյալ Ալեքսանդր Քանանյանի պահանջագրին։ Նա, մասնավորապես գրել է․

«Երեկ լրատվությունից իմացա, որ Քաշաթաղի բնակիչ ու քաղաքական գործիչ պարոն Քանանյանը ի նշան և ի բողոք շրջանում օր-օրի ավելացվող ու կառուցվող հիդրոէլեկտրակայանների անժամկետ նստացույց է հայտարարել: Բողոքի իմաստը կայանում է նրանում, որ Թարթառ գետի ու նրա վտակների վրա կառուցված և կառուցվող ՀԷԿ-երը մեծագույն, ես կասեի անվերականգնվող, վնասներ են պատճառում Հայաստան աշխարհի ֆաունային և ֆլորային:

Ցանկանում եմ երևույթին տալ մասնագիտական գնահատական, քանզի այն գլխից արդեն համոզված եմ, որ ՀԷԿ-երի նմանատիպ շինարարության գործընթացը ենթակա է ոչ միայն սուր քննադատության, այլև ունեմ խորին համոզմունք, որ ազգակործան այս ծրագիրը, երբևէ չի դիմանալու ժամանակի հրամայականին ու ենթակա է լինելու ապամոնտաժման:

Նմանատիպ ձևով հիդրոէլեկտրակայանների շինարարությունը օր առաջ անհրաժեշտ է կանգնեցնել և կոչ կանեի քաղաքական- հասարակական կազմակերպություններին (հատկապես բնապահպանական) նախաձեռնելու որոշակի ճնշումներ իրավասու մարմինների նկատմամբ:

Թող որևէ մեկի մտքով երբևէ չանցնի այն միտքը, որ ես ընդհանրապես դեմ եմ ՀԷԿ-երի կառուցման ծրագրին: Ոչ, ամենևին: Դեռ ավելին՝ կոչ կանեի, որ այն ունենա շարունակական գործընթաց, բայց պայմանով. անհրաժեշտ է առաջին հերթին ապամոնտաժել վերջին տարիների կառուցածները՝ դրանք փոխադրելով դասական ճանապարհով գործողների:

Խորհրդային իշխանության շինարարության սկզբնական տարիներին շրջանառվում էր թևավոր մի կոչ-արտահայտություն «Սովետական միություն գումարած երկրի էլեկտրաֆիկացիա՝ հավասար է կոմունիզմ»: Եվ, իրոք, այն տարիներին այդ ծրագիրը այնչափ հրատապ էր ու ակտուալ, որ մարդկային գործոնով պայմանավորված սեղմ ժամկետներում Վոլգա, Դնեպր, Ենիսեյ և այլ մեծ ու մանր գետերի վրա կառուցվեցին հսկայական ջրավազաններ՝ լիճ-ամբարտակներ: Ամբարելով ջուրը, այսինքն մեծացնելով նրա պոտենցիալ ուժը, ավելի ճիշտ՝ էներգիան, միանգամից այն գահավիժելով ներքև ու վերածվելով կինետիկ էներգիայի՝ ստացել են պահանջվող հզորության էլեկտրաէներգիա:

Հարգելի ընթերցող, հարց է առաջանում. միթե հնարավոր չի եղել այն ժամանակներում փորել ջրանցքներ կամ ջուրը տեղափոխել խողովակաշարով և ավելի շահավետ ճանապարհով ստանալ էլեկտրաէներգիա: Իհարկե, հնարավորություն միշտ էլ եղել է, դեռ ավելին՝ կառուցվել է Վոլգա-Դոնյան նավարկելի ջրանցքը: Այստեղ կարևորվել է բնապահպանական և տնտեսական խնդիրները: Մեր պարագայում՝ միանգամայն անտեսվել են այս գործոնները:
Ահա, թե ինչու եմ ես կողմ դրանց ապամոնտաժմանը և դասական ճանապարհով նորերի կառուցմանը:
Սերունդները մեզ չեն ներելու նման հիմարությունների համար»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Քանանյանը օրեր առաջ ֆեյսբուքում գրել էր, որ ր որ հացադուլ է հայտարարում և պահանջում անհապաղ լիովին դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում ընթացող առանց բացառության բոլոր ՀԷԿ֊աշինական աշխատանքները։

  • Կիսվել: