երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում, թե մենք ԼՂ հայությանն էթնիկ զտման ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին. ՀՀ վարչապետ

Տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում, թե մենք ԼՂ հայությանն էթնիկ զտման ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին. ՀՀ վարչապետ

Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800 և 86 600 քկմ: Երբ ասուլիս եմ տվել, ինձ հարցրել են` արդյոք այն ներառում է նաև ԼՂ-ն, ասել եմ` այո, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով ԼՂ հայությանը էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս մասին «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է` այդ է պատճառը, որ պայմանավորվածության մաս է նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը, մասնավորապես` Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում»,

Հարցին` իրապես հավատում է, որ բանակցված լուծումը կարող է երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, դիտարկմանը, թե շրջանառվում են տեղեկություններ ԼՂ-ից հայերի դուրսբերման տարբերակի մասին, Փաշինյանը պատասխանել է.

«ԼՂ-ից ելքի մասին խոսել նշանակում է համաձայնել ԼՂ հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Էթնիկ զտման դեպքում պարտադիր չէ, որ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեն. ցանկացած ցեղապանություն ունի երկու մաս, մեկը կոտորածն է, մյուսը՝ բռնագաղթը: Նման թեմա օրակարգում չկա, միջազգային հանրության ներկայացուցիչները հստակ ասում են, որ ԼՂ հայերը պետք է իրենց տներում` ԼՂ-ում, առանց վախի և հետապնդումների, ապրելու հնարավորություն ունենան, արժանապատիվ, անվտանգ և բարեկեցիկ կյանքով ապրելու»:

 

  • Կիսվել: