«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները». Գիտաժողով Ստեփանակերտում
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով գիտաժողով՝ նվիրված Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 60 ամյակին:
Գիտաժողովին բացման և ողջույնի ոսքով հանդես է եկել ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
«Հայաստանի ստոմատոլոգների ասոցացիան մշտապես նպաստել է Արցախում ապագա ատամնաբույժների ներբուհական կրթության զարգացմանը:Արցախյան վերջին պատերազմում հայ ռազմաբժշկությունը, և, առհասարակ, առողջապահական համակարգում ներգրավված բոլոր մասնագետները, կատարել են մի շարք աշխատանքներ, որոնց հետադարձ հայացքով նայելիս, անհնարին են թվում: Այսօրվա վեհաժողովը հավաստիացնում է, որ հավերժ ապրելու և արարելու ենք Արցախում»,- ընդգծել է Մ. Հայրիյանը:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , Երևանի պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ստոմատոլոգների ասոցացիայի նախագահ Լազար Եսայանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ԱՀ Առողջապահության նախարարությանը՝ գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Գիտաժողովին «Երեխաների շնչառական խանգարումները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր Բեդրոս Յավրու ֊Սակուկը: Ըստ նրա ներկայացրած նյութի՝ շնչառական խանգարումներ կարող են լինել ինչպես երեխաների, այնպես էլ՝ չափահասների մոտ:
Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել միոֆունկցիոնալ թերապևտ Վալենտինա Գեչան, բժշկական գիտությունների դոցենտ Սերգեյ Գրիգորևը, ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը և այլք: