ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով է կազմակերպվել

Ստեփանակերտում Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 21-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է «Ժամանակը և ազգային ոգին Չարենցի ստեղծագործությունում» թեմայով գիտաժողովը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Եղիշե Չարենցը մեր գրականության մեջ այն հզոր դեմքն է, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհի գրականությանը: Նա, իսկապես, համաշխարհային երևույթ է, ի ծնե հանճար:

Նրա ստեղծագործություններում մի արտառոց, արտակարգ շունչ կա, մի արտակարգ հզորություն, որ տարբերում է նրան բոլորից՝ իր արյան վարար հոսքով: Չարենցի ցանկացած տողի մեջ երևում է նրա նվիրվածությունը ազգային ոգուն, մտածողությանն ու տրամաբանությանը»,- ասել է Վ. Հակոբյանը:

Բուհի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանը նշեց, որ գիտաժողովը նպատակ ունի մեկ անգամ ևս վերարժևորելու Չարենցի անցած ճանապարհն ու ստեղծագործությունը:

Բնութագրությունը հասանալի չէ«Այսօր մենք ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներում և այսօր էլ ունենք ազգային ոգու պահպանման, ինքնության կորսման խնդիր:

Եվ բոլորս, առաջնորդվելով չարենցյան գաղափարներով, պատգամներով, պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել մեր` բավականին բարդ ժամանակներում, քանի որ այսօր էլ Չարենցի պատգամներն ու գաղափարները չափազանց արդիական են»,- ասել է Ա. Գրիգորյանը:

 

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես են եկել Ստեփանակերտում գործող բուհերի դասախոսներ, գիտնականներ: Գիտաժողովի ավարտը նշանավորվեց Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Անի Շիրինյանի «Դիցաբանական և աստվածաշնչյան մոտիվները Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ» գրքի շնորհանդեսով:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Աշխատանքը գնահատելի է նրանով, որ առայսօր մեզանում առանձին ուսումնասիրությամբ հանգամանալից անդրադարձ չի եղել Չարենցի ստեղծագործության մեջ կարևոր տեղ զբաղեցնող դիցաբանական և աստվածաշնչյան մոտիվների առկայությանը։

Զննելով դիցաբանությանը վերաբերող բառարաններն ու աշխատությունները, Հին ու Նոր կտակարանները՝ մենք տեսանելի օրինակներով ցույց ենք տալիս բանաստեղծի խոսքը սնուցող աղբյուրները»,- ասել է Ա. Շիրինյանը:

  • Կիսվել: