Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնության արցախցի մեդալակիրներին
Այսօր` փետրվարի 22-ին, Ստեփանակերտի օղակաձև զբոսայգում դիմավորել են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված Մուայթայի Եվրոպայի առաջնության արցախցի բրոնզե մեդալակիրներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մազիչ Ալեքսան Աղաբալյանը նշեց, որ երկու տարի Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցել (համավարակի և պատերազմի պատճառով) և նպատակ էին դրել իրենց առջև ցանկացած գնով այս առաջնությունից հայրենիք վերադառնալ մեդալով:
«Արցախի Մուայթայի հավաքական թիմի 5 մարզիկներ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են առաջնությանը: Մեր թիմից Դավիթ Հայրապետյանը և Ալբերտ Մանգասարյանը զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը՝ ստանալով բրոնզե մեդալ: Մարտ ամսում Դավիթը կմեկնի Մեքսիկայում կայանալիք պրոֆեսիոնալ մենամարտին՝ Լատինական Ամերիկայի չեմպիոնի հետ: Նա Հայաստանի սպորտային պատմության մեջ երկրորդ մարզիկն է, ով կներկայացնի Հայաստանը Մեքսիկայում», - նշել է Ա. Աղաբալյանը:
«Ես կարողացա Թուրքիայում ծածանել մեր դրոշը, ինչը ինձ համար մեծ պատիվ է», - ասել է Դ. Հայրապետյանը:
Հայաստանի, Եվրոպայի, Եվրասիայի և աշխարհի չեմպիոն, արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը երրորդ մրցանակային տեղն իր համար մեծ ձեռքբերում է համարում:
«Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ-ն Դավիթ Հայրապետյանին պատվոգիր և նվեր հանձնեց:
«Դավիթը 2020թ. Արցախյան աշնանային պատերազմում քաջաբար մարտնչել է հայրենքի պաշտպանության համար և վիրավորում ստացել հոկտեմբերին՝ վնասելով մարմնի ձախ հատվածն ամբողջությամբ և ձախ աչքը: Նա դժվարությունների և փորձությունների միջով անցած ուժեղ, պայքարող և չհանձնվող արցախցու օրինակ է», - ասել է կազմակերպության անդամ Խաչիկ Ավագյանը:
Հայաստանի բազմակի և միջազգային չեմպիոն Ալբերտ Մանգասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր աշխատասիրության, ամենօրյա պարապմուքների և մեծ ցանկության շնորհիվ շարունակելու է բարձրացնել պատրաստվածության մակարդակը՝ առաջիկայում Մալազիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու և հաղթանակով վերադառնալու համար:






