երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ամբուլատոր ծառայության նոր բաժանմունք է բացվել

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ամբուլատոր ծառայության նոր բաժանմունք է բացվել

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ ամբուլատոր ծառայության նոր բաժանմունքի բացումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն վերանորոգվել, կահավորվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր կենտրոնը մեծ ուշադրության է արժանանում արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ կենտրոնի աստիճանավանդակն ու թեքատը ծածկի տակ առնվեցին, ինչը բավականին հարմարավետ դարձրեց շահառուների բուժումը: Զուգահեռ` կառուցվեց նոր փոքր բաժանմունք ամբուլատոր պայմաններում բուժվողների համար, որը սարքավորումներով զինվեց Հայկական բժշկական հիմանդրամի ֆինանսավորմամբ: Աջակցություն ստացանք նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև տարբեր հովանավորների կողմից՝ ի նպաստ այն տղաների ու հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր արագ վերականգնվելու կարիք ունեն: Այս նոր բաժանմունքում, որ բավականին թանկարժեք ու ժամանակակից սարքավորումներով է կահավորվել, բուժում կստանան այն մարդիկ, ովքեր ունեն քայլելու, հենաշարժողական խնդիրներ», - ասաց վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը:

ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին՝ իրենց նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և սրտացավ աշխատանքի համար` նշելով, որ, միանշանակ, շարունակելու են աջակցությունը կենտրոնին նաև եկող տարվա ընթացքում:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն իր խոսքում նշեց, որ գոհ է կատարված աշխատանքներից` թե՛ շենքային պայմաններից, թե՛ սարքավորումների որակից, քանի որ Արցախում պահանջված են նման բաժանմունքի ծառայությունները:

  • Կիսվել: