ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Խաչելության հիշատակման կարգ

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Խաչելության հիշատակման կարգ

Այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին  առաջնորդանիստ եկեղեցում՝ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է Հիսուս Քրիստոսի Խաչելության  հիշատակման  կարգ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  ընթերցվել են չորս Ավետարաններից այն բոլոր հատվածները, որտեղ նկարագրվում է Քրիստոսի դատավարությունը, Նրա անարգվելը և խաչելության դրվագը։

Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջանի խոսքով՝ ընթերցելով խաչելության հետ կապված այս բոլոր հատվածները և համապատասխան երգերով՝ մարդ ակամայից  Քրիստոսի հետ կարծես անցնում է  խաչի ճանապարհը՝ մատնությունից մինչև խաչելություն:

«Գողգոթայի ճանապարհով մենք Նրա հետ քայլում ենք և ամբողջ այդ էմոցիոնալ դաշտը զգում ենք մեզ վրա, որն ավելի է արժևորում Քրիստոսի զոհողությունը»,- ասում է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը՝ հավելելով, որ այսօրվա ծեսի նպատակը մարդուն ցույց տալն է, թե ինչ է արել Քրիստոսն իր համար:

«Այսօրվան զուգադիպել են նաև նաև  4 տարի առաջ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և պաշտոնական բացման օրն ու  Մայրության ու գեղեցկության տոնը»,-նշել է հոգևոր հայրը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, Քրիստոսի խաչելության հիշատակի արարողությունն է, որ իր իմաստով ավելի մեծ նշանակություն ունի եկեղեցածիսական առումով:

«Այստեղ ամենակարևորը Մարիամ Աստվածածնի կերպարն է, ով  նախ մայրության խորհրդանիշն է: Քրիստոսի չարչարանքների ժամանակ մենք ականատես ենք լինում Մարիամ Աստվածածնի ներկայությանը: Բոլոր առաքյալները լքում են Քրիստոսին, բայց Մարիամը մինչև վերջ մնում է ու տեսնում իր որդու տառապանքն ու մահը: Մարիամը չի կորցնում այն հավատը, որ իր հրեշտակի կողմից ավետված իր  Որդին չէր կարող այսպես անփառունակ վախճանվել: Այդ սպասելիքը պետք է ունենան մեր բոլոր մայրերը, երբ  ապրում են քրիստոնեական կյանքով, հատկապես մեր զոհվածների մայրերը, ովքեր զավակներին Քրիստոսի նման զոհաբերեցին, ինչպես Մարիամը։ Նրանք պետք է սպասեն, որ մի օր էլ հարություն են առնելու իրենց զավակները, ինչպես Քրիստոս հարություն առավ»,-ասել է քահանան:

Խաչելության կարգի հիշատակության խորհուրդը ներկայացնելով, Թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շեշտել է, որ ժամանակի քաղաքական գործիչները, իմաստունները, քահանայապետներն ամեն ինչ անում էին, որ Քրիստոսի բերած հոգևորը դարձնեն նյութական և աշխարհիկ։ 

«Խավարը միշտ պայքարում է լույսի դեմ։ Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո դեռ խաչվում են մարդիկ, բայց այդ խաչյալները փրկիչ չեն, Խաչյալ Փրկիչը մեկն է, ով հարություն տվեց և այդ հարությունը դարձավ մեզ համար հավիտենական»,-եզրափակել է Սրբազանը:

  • Կիսվել: