երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Հաղթանակի մարտիկներ». Ռոզալիա Աբգարյանի ուղին՝ Ստալինգրադի ճակատամարտից մինչև խաղաղություն սերմանող ուսուցիչ

«Հաղթանակի մարտիկներ». Ռոզալիա Աբգարյանի ուղին՝ Ստալինգրադի ճակատամարտից մինչև խաղաղություն սերմանող ուսուցիչ

Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ զրույցների «Հաղթանակի մարտիկներ» շարքը «Արմենպրես»-ը նվիրում է Հաղթանակի 80-ամյակին:

Ինչպես է թիֆլիսահայ աղջկա երազանքների նավը հայտնվում պատերազմի փոթորկի մեջ

Ռոզալիա Աբգարյանը ծնվել է 1923 թվականի հուլիսի 17-ին, Թիֆլիսում։  

Ռոզալիան դպրոցական վերջին քննությունը հանձնել էր հունիսի 20-ին, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, մասնակցում էր իր կյանքի առաջին կարևոր հանդիսավոր արարողությանը։ Այն դպրոցականների համար կազմակերպված պիոներական հանդիսություն էր, որին հրավիրված էր հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ակակի Խորավան։ Նա հյուրընկալել էր աշակերտներին իր տանը։ 

«Նրա կինը շատ ջերմ ընդունեց մեզ, թեյ և հրուշակեղեն հյուրասիրեց, սկսեցինք զրուցել։ Բացի Խորավայից՝ զրույցին մասնակցում էին նաև Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի կոմպոզիտորը և գլխավոր ռեժիսորը։

Մենք քննարկում էինք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել հայրենիքին, ինչ ուղի ընտրել, ուր գնալ ուսանելու։ Ուրախ էինք դպրոցն ավարտելու առթիվ և լի էինք ոգևորվածությամբ։ Այդ ժամանակները մեր ամենաուրախ տարիներն էին․ ապրում էինք անհոգ, առանց մեծ պատասխանատվության՝ սովորելով ու երազելով ապագայի մասին»։

Երեկոն ավարտվեց Խորավայի ժպիտով ուղեկցված պատգամով, որը Ռոզալիան երբեք չմոռացավ և դարձրեց իր կյանքի նշանաբանը. «Выплывающему в житейское море кораблю желаю попутного ветра-Կյանքի օվկիանոս մուտք գործող նավին մաղթում եմ ուղեկից քամի»։

Հաջորդ առավոտյան այս բանաստեղծական ուղերձը կկորցներ իր խաղաղ իմաստը։ Նացիստական Գերմանիան հարձակվել էր ԽՍՀՄ-ի վրա։

Ռոզալիայի երազանքների նավը ուղեկից քամու փոխարեն հայտնվել էր պատերազմի փոթորկի մեջ։ 

«Հետաքրքիրն այն էր, որ մինչ այդ Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը որոշել էր չհարձակվել Խորհրդային Միության վրա։

1939 թվականին Մոսկվայում Նացիստական Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոախիմ ֆոն Ռիբենտրոպը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը ստորագրել էին Գերմանիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև չհարձակման պայմանագիր, և մենք հանգիստ էինք, մտածում էինք՝ պատերազմ չի լինի, բայց պատերազմը սկսվեց։ Ռմբակոծություններ էին Կիևում, Մինսկում, Սևաստոպոլում և տասնյակ այլ քաղաքներում․ ամեն ինչ փոխվեց»։ 

Այսպես ավարտվեց Ռոզալիայի աղջկական հանգիստ կյանքի էջը, բացվեց նոր՝ հերոսական ճանապարհի սկիզբը։ 

Պատերազմի առաջին քննությունը` ռմբակոծության տակ 

Պատերազմի լուրը ցնցել էր բոլորին։ Ռոզալիան այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր։ «Այդ օրը մենք հավաքվեցինք դպրոցի բակում։ Դպրոցը մեր տանը շատ մոտ էր, միայն պարիսպն էր բաժանում։ Հավաքվեց ամբողջ դասարանը։ Որոշեցինք գնալ ռազմաճակատ՝ պաշտպանելու մեր հայրենիքը։ Իհարկե, ոչ բոլորս գնացինք։ Մեր դասարանից միայն երեքս որոշեցինք մեկնել ռազմաճակատ։ Գնացինք զինկոմիսարիատ, դիմում գրեցինք։ Ասացին՝ լավ, մենք ձեզ կվերցնենք»։

Ռոզալիային ուղարկում են ռադիոհեռագրության եռամսյա դասընթացների, որտեղ նա սովորում է Մորզեի այբուբենը, տիրապետում հեռագրական սարքերին և պատրաստվում է իր նոր ծառայությանը՝ կապավորի պարտականություններին ռազմաճակատում։

Ռոզալիայի ծառայությունը ռազմաճակատում ոչ միայն վտանգավոր էր, այլև վճռորոշ։ Նա ռադիոկապի վաշտում էր, որը կապ էր պահում հետախույզների, օդաչուների, հրետանավորների և առաջապահ ստորաբաժանումների միջև։

«Մեր հաղորդած տվյալներով որոշվում էր՝ որտեղ ռմբակոծել, որտեղ՝ ոչ։ Այդ տվյալները պետք է լինեին ճշգրիտ՝ ոչ մի վրիպում, ոչ մի հապաղում։ Եթե սխալ հաղորդեիր, կարող էին սխալ վայր ռմբակոծել, սխալ որոշում ընդունել»։

Ռոզալիայի համար պատերազմի իրական մկրտությունը եղավ հենց առաջին ամիսներին։ Մի զորախմբի հետ նա հայտնվում է շրջափակման մեջ անտառային հատվածում։

«Պատերազմի սկիզբը շատ ծանր էր։ Մենք գնում էինք չմշակված տարածքներով, իսկ գերմանացիները՝ ճանապարհներով, մոտոցիկլետներով։ Մի օր շրջապատեցին մեզ։ Յոթ օր անտառում էինք՝ առանց ջրի, առանց ուտելիքի։ Ձեռքերով էինք փորում հողը, որ մի փոքր խորը փոս գտնենք ու թաքնվենք, երբ սկսվում էր ռմբակոծությունը։ Ամեն առավոտ օդ էր բարձրանում նրանց հետախույզ ինքնաթիռը՝ մեր դիրքերը նկարելու, ու հինգ րոպե հետո սկսվում էր ռմբակոծությունը»։

Դա պատերազմում Ռոզալիայի առաջին փորձությունն էր։ Աղջիկը, որը դեռ երեկ դպրոցական էր, այսօր կռվում էր զինվորի վճռականությամբ և կապավորի խստությամբ: 

Ստալինգրադ, 1942․  դեմ առ դեմ պատերազմի դաժանության հետ

Ռոզալիան Ստալինգրադ է հասնում 1942-ին՝ հենց այն ժամանակ, երբ այնտեղ մղվում էր ամենադաժան մարտերից մեկը։ Մի օր, երբ նա ընկերուհու հետ կանգնած էր կայարանի մոտ, երկնքում նկատում են ցածրադիր թռչող ինքնաթիռ՝ կարմիր աստղերով։ Նրանց թվում է, թե սովետական է։
«Շատ ուրախացանք՝ կարծելով, թե սովետական ինքնաթիռ է։ Ձեռքով բարևեցինք։ Ինքնաթիռն այնքան ցածր էր թռչում, որ նույնիսկ օդաչուի դեմքը տեսանք․ հայացքը լի էր չարությամբ։ Մի պահ զգացինք, որ ինչ-որ վտանգ կա։ Երբ շարունակում էինք բարևել, հանկարծ սկսեց կրակել գնդացիրով։ Ընկերուհուս գլխից խփեց։ Արյունը հոսում էր շատրվանի նման։ Ես ամբողջությամբ նրա արյան մեջ էի»։

Ստալինգրադի ռմբակոծված երկաթուղային կայարանի մոտ կորցնելով ընկերուհուն՝ Ռոզալիան առաջին անգամ բախվում է պատերազմի դաժան ճշմարտությանը։

Ռոզալիան էլ է վիրավորվում գլխի հատվածում։ Տեղափոխվում է հոսպիտալ, ապա՝ Վորոշիլովգրադ (այժմ՝ Լուգանսկ), որտեղ կրկին բախվում է ֆիզիկական դժվարության. ցրտահարվում են ոտքերը։ 

Կաշվե կոշիկները կպչում են ոտքին, և միայն բժշկի միջամտությամբ է հնարավոր դառնում հանել դրանք։

«Մի քանի օր մնացի այնտեղ, մինչև ոտքերս բուժեցին։ Այդտեղ կար մի տարեց սանիտար, որը շատ հոգատար էր։ Մի օր նա ձեռքը դրեց ուսիս ու ասաց․ «Աղջիկ ջան, դու ուզում էիր քո հայրենիքը պաշտպանել, գնա՛ և պաշտպանիր»։

Ես էլ գնացի։ Այս անգամ ոչ թե սովորական կոշիկներով, այլ կիրզե ճտքակոշիկներով ու փաթաթանով (պորտյանկա)։ Ինձ ցույց տվեցին, թե ինչպես պետք է ճիշտ փաթաթել ոտքը, որպեսզի չվնասվի, չտրորվի»։

Ռոզալիան վերադառնում է կապի վաշտ՝ շարունակելով ծառայությունը նույն վճռականությամբ։ 

«Ստալինգրադի հաղթանակը փրկեց Հայաստանը»

1943 թվականի փետրվարին սովետական բանակը վճռական կռիվն էր մղում Ստալինգրադում։ Դա ամենաշրջադարձային ճակատամարտերից մեկն էր ողջ պատերազմի ընթացքում։ Այդ մարտերում, ինչպես հիշում է վետերան Ռոզալիա Աբգարյանը, կռվում էին նաև բազմաթիվ հայ զինվորներ՝ նրանց թվում և իր ծառայակից ընկերները։ Հաղթանակը երկարատև էր ու դաժան, բայց վճռական. քաղաքն ազատագրվեց և լիովին անցավ Սովետական Միության վերահսկողության տակ։ 

«Եթե մեր զորքերը Ստալինգրադում չհաղթեին, ապա Հայաստանի սահմանին կանգնած 26 թուրքական դիվիզիաները պատրաստ էին ներխուժել Հայաստան՝ սկսելու նոր ցեղասպանություն, բայց նրանց ծրագրերը չիրականացան։

Ինչո՞ւ էր Հիտլերն այդքան ձգտում գրավել Ստալինգրադը։ Նա արդեն շատ էր հեռացել Գերմանիայից, և տեխնիկային վառելիք էր պետք, իսկ նավթ չունեին։ Վոլգա գետը միացնում էր հյուսիսն ու հարավը։ Այն միակ ճանապարհն էր, որով հնարավոր էր էժան ու արդյունավետ փոխադրում կազմակերպել։ Ամենակարևորն այն էր, որ այդ ճանապարհն ուղղվում էր դեպի Բաքու, որտեղ նավթի հսկայական պաշարներ կային։

Բացի այդ՝ քաղաքը կրում էր Ստալինի անունը՝ Ստալինգրադ, ինչը Հիտլերի համար խորհրդանշական նշանակություն ուներ։ Նա նպատակ էր դրել անպայման վերցնել քաղաքը, բայց չհաջողեց։

91 հազար գերմանացի զինվոր ու սպա գերի ընկավ, շրջապատվեց։ Նրանց թվում՝ 24 գեներալ, այդ թվում՝ 6-րդ բանակի հրամանատար գեներալ-ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլուսը և 2500 սպա։ Նրանք, մաշված կոշիկներով ու հյուծված հագուստով, սպասում էին փրկության, բայց այն չեկավ։ Վերջում հանձնվեցին»։

Այս ճակատամարտի հաղթանակը ոգևորեց բոլորին։

«Ես այդ ժամանակ ռադիոկապի վաշտում կոմերիտական քարտուղարն էի։ Կուսակցության ղեկավարը, հրամանատարը և ես միասին մարտական թերթիկ պատրաստեցինք ու լույս ընծայեցինք՝ վերնագրելով․«Ура! Сталинград наш!»։

Այդ հաղթանակից հետո սովետական բանակը սկսեց հարձակումը, Ազատագրեց Ուկրաինան, Լեհաստանը, Հունգարիան և Չեխոսլովակիան։

Պատերազմի վերջը Պրահայում, խաղաղ կյանքի սկիզբը 

1945 թվականի մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Ռոզալիա Աբգարյանը Չեխոսլովակիայում՝ Պրահայում էր։ Նրա ծառայության վերջին և միաժամանակ ամենանշանակալի դրվագը կապված է այս քաղաքում մղված ազատագրական մարտերի հետ։ Սովետական բանակը, որի կազմում էր նաև Ռոզալիայի կապի վաշտը, երեք օրվա ընթացքում կարողանում է մտնել Պրահա՝ ազատագրելով այն նացիստական օկուպացիայից։ 

«Գերմանիան արդեն պարտվում էր։ Մենք ազատ շարժվում էինք՝ գարնան շունչն ամենուր՝ կանաչ բնություն, ծաղիկներ։ Գիշերվա ընթացքում շարժվեցինք դեպի Պրահա։ Քաղաքը երեք օրում ազատագրեցինք, և այդ օրը եղավ 1945 թվականի մայիսի 9-ը։ Մենք ասացինք․ «Հազիվ պրծանք պատերազմից»։

Սա մեզ համար կրկնակի տոն էր՝ և՛ ազատագրեցինք Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահան, և՛ ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը։ Մենք անչափ ուրախացանք»։

Այդ օրը կապավոր Ռոզալիայի համար ոչ միայն հաղթանակ էր, այլ նաև հոգեբանական թեթևություն։ Նա անցել էր պատերազմի դաժան ուղին՝ շրջափակման մահաբեր օրերից մինչև ռմբակոծվող քաղաքներ, վիրավորվել ու շարունակել ծառայել առաջին գծում։ 

Բայց այդ օրվա հետ կապված կար նաև մի երազանք, որը տարիներ շարունակ ուղեկցել էր նրան։ 

«Ամբողջ պատերազմի ընթացքում՝ չորս տարի, մասնակցել եմ մարտերին։ Այդ չորս տարիների ընթացքում անգամ չգիտեի՝ ինչ է անկողինը։

Երազում էի, որ պատերազմը վերջանա, ես կենդանի մնամ, գնամ մեր տուն, լողանամ ու մաքուր սավանով ու վերմակով անկողնում քնեմ, կողքից մի փոքրիկ աթոռ լինի, որի վրա դրված լինի մեկ բաժակ քաղցր թեյ, հաց, աղի հայկական պանիր և ձեռքումս գիրք:

Դրսում ինչ եղանակ ուզում է լինի՝ սառնամանիք, թե անձրև, ինձ համար արդեն կարևոր չէ։ Ես մեր տանն եմ, խաղաղ պայմաններում»:

Ուսուցիչը, որը խաղաղություն է սերմանում

Զորացրվելուց հետո Ռոզալիան վերադառնում է Թիֆլիս։ Այստեղ էլ սկսվում է խաղաղության դարաշրջանը։ Ամուսնանում է փոխգնդապետ Եզնիկ Նալբանդյանի՝ պատերազմի մասնակից, հինգ անգամ վիրավորված հերոսի հետ, որի հետ ծանոթացել էր  նախապատերազմյան տարիներին։ 

«Վաղուց էինք իրար ճանաչում։ Ամռանը մեր ընտանիքը գնում էր Օձուն հանգստանալու։ Այնտեղ բնակարան էինք վարձում, իսկ Եզնիկն այդ տան տերն էր։ Ես նրան դուր էի եկել։ Զրուցեցինք և պայմանավորվեցինք պատերազմից հետո հանդիպել Թիֆլիսում։ Այն ժամանակ շատ հայտնի ֆիլմ կար՝ «В шесть часов вечера после войны», ու մենք էլ ասացինք՝ պատերազմից հետո վեցին կհանդիպենք։ Եվ մենք հանդիպեցինք»։

Ամուսնությունից մի քանի տարի անց նրանք տեղափոխվում են Հայաստան։ Ռոզալիան ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ստանում է բարձրագույն կրթություն և դառնում ռուսաց լեզվի ուսուցիչ։ 

«40 տարի ռուսերեն և ռուս գրականություն եմ դասավանդել Երևանի քիմիատեխնոլոգիական տեխնիկումում (ներկայում՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում)։ Դասավանդել եմ նորաձև, ստեղծագործ մոտեցումներով։ Դասերս կազմակերպելիս հաճախ եմ օգտագործել կինոապարատ՝ օգնելու աշակերտներին զարգացնել խոսքը, հարստացնել լեզուն։

Մինչ օրս ունեմ աշակերտներ, որոնք պահպանում են կապն ինձ հետ։ Ես հպարտանում եմ դրանով, որովհետև ոչ բոլոր ուսուցիչներն են այդ բախտին արժանանում»։

Ռոզալիա Աբգարյանը իր ծառայության ու անցած հերոսական ուղու համար արժանացել է մի շարք պետական և ռազմական պարգևների թե՛ Խորհրդային Միության, թե՛ հետխորհրդային Հայաստանի կողմից։

 Նրա խիզախ ծառայությունը ռազմաճակատում, մասնակցությունը Ստալինգրադի ճակատամարտին և կապավորի անփոխարինելի աշխատանքը գնահատվել են հետևյալ մեդալներով և շքանշաններով՝ «Մարտական սխրանքի համար» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Պրահայի ազատագրման համար» մեդալ, «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Հայրենական պատերազմ» առաջին աստիճանի շքանշան, «Մարշալ Ժուկովի» մեդալ, «Մարշալ Բաղրամյանի» մեդալ, «Մարշալ Խուդյակովի» մեդալ, «Վազգեն Սարգսյանի» մեդալ, ինչպես նաև՝ «Վաստակավոր ուսուցչուհի» կոչում, որը նրան շնորհվել է 1967 թվականին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից։

Պատգամ նոր սերնդին

«Հայրենիքը պետք է սիրես։ Պետք է պատրաստ լինես ցանկացած մթնոլորտում պաշտպանել այն։ Շատ երեխաներ չգիտեն, որ պատերազմ է եղել, մենք հիմա մեծ աշխատանք ենք տանում երեխաներին պատմելու, թե ինչպես է պատերազմը սկսվել, ինչպես ենք հաղթել գերմանացիներին։ Հայրենիքը մեծ նշանակություն ունի»։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221609

  • Կիսվել: