երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի մամուլի ակումբն առաջարկների փաթեթ է ներկայացրել ՀՀ կառավարությանը

Ստեփանակերտի մամուլի ակումբն առաջարկների փաթեթ է ներկայացրել ՀՀ կառավարությանը

Արցախի հայաթափումը ծանր ու կորստաբեր հարված էր ոչ միայն արցախահայությանն ու համայն հայ ժողովրդին, այլև Արցախի պատմամշակութային ժառանգությանն։ Կաթվածահար է ամենատարբեր ոլորտների գործնեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի մամուլի ակումբը։

«Դժվարին մարտահրավերների առաջ է կանգնել նաև Արցախի տեղեկատվական դաշտը՝ լրատվամիջոցներն ու լրագրողական համայնքը։ Բացի ԶԼՄ-ների գործնեությունն ապահովող նվազագույն պայմանների բացակայությունից ու լրագրողների մասնագիտական գործունեությունը շարունակելուն առնչված լուրջ խնդիրներից՝ կարևոր է նաև արխիվների պահպանման խնդիրը։ Դրանց զգալի մասը կորսվել կամ ոչնչացման վտանգի տակ է։

Ստեփանակերտի մամուլի ակումբը (ՍՄԱ) և հայաստանյան գործընկեր կազմակերպությունները՝ Երևանի մամուլի ակումբը, Մեդիանախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը միասին մշակել են արցախցի լրագրողներին աջակցության փաթեթ ու միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությամբ իրականացնում են որոշակի ծրագրեր՝ միանվագ դրամական նպաստի, լրագրողական վերականգնողական ճամբարների, փոքր դրամաշնորհների ու հայաստանյան լրատվամիջոցներում արցախցի լրագրողների աշխատանքի ընդունման խրախուսման և այլ ուղղություններով։

Միևնույն ժամանակ, խնդրի կարգավորման համար կա ՀՀ կառավարության աջակցության անհրաժեշտությունը։ ՍՄԱ-ն, կարևորելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց շահառուները բոլոր արցախցիների հետ միասին նաև արցախցի լրագրողներն են, միևնույն ժամանակ ակնկալում է արցախյան տեղեկատվական դաշտին առնչվող խնդիրների գոնե ժամանակավոր լուծման գործում պետական աջակցություն։

Արցախյան լրատվամիջոցների պատասխանատու աշխատողների հետ Ստեփանակերտի մամուլի ակումբի նորերս անցկացրած խորհրդակցությունից հետո կազմվել է արցախյան լրատվամիջոցներին հնարավոր պետական աջակցության առաջարկների փաթեթ և ներկայացվել ՀՀ կառավարությանը։ Առաջարկների փաթեթում առանձնակի ուշադրություն է դարձվել արցախյան լրատվամիջոցների արխիվների պահպանման ու կայքերի սպասարկման խնդրին, որպեսզի հետազոտողների, պատմաբանների, փորձագետների, հակամարտաբանների, արցախագետների և շահագրգիռ այլ անձանց ու կազմակերպությունների համար հասանելի ու մատչելի լինեն այդ ռեսուրսները։ Այդ իսկ նպատակով կազմվել է արցախյան լրատվամիջոցների ցանկ և առաջարկվել հավասարաչափ ֆինանսական աջակցություն տրամադրել նրանց։

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությանն առաջարկվել է նպատակային աջակցություն ցուցաբերել Արցախի հանրային հեռուստատեսությանը՝ որպես արցախյան տեղեկատվական դաշտի առանցքային ու կարևոր դերակատարի։ Խոսքը պետպատվերի տրամաբանությամբ աջակցության ծրագրերի մասին է, մասնավորապես՝ Արցախից բռնատեղահանվածներին վերաբերող սոցիալական և այլ կառավարական ծրագրերի արդյունավետ հանրայնացման, Արցախում թողած ժառանգության գույքագրման և անհատական պատմությունների ժողովման մասին։

ՀՀ կառավարության աշխատակազմի, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ շփումները վկայում են, որ կա խնդրի կարևորության ընկալում և աջակցության պատրաստակամություն։ ՍՄԱ-ն հուսով է, որ դրանք շուտով կվերածվեն կոնկրետ քայլերի»,- ասված էհայտարարության մեջ։

 

  • Կիսվել: