Սովի պայմաններում Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելը չի կարող Ադրբեջանի կողմից սադրանք որակվել․ Վարդան Սարգսյան
Երեկ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Արդեն այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտից 400 տոննա հումանիտար օգնությունը բեռնատարներով շարժվեց դեպի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է, որ ռուս խաղաղապահների միջոցով օգնությունը կփոխանցվի արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակիչներին։
Արցախ ուղարկված օգնությունը պարունակում է՝ 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում․ «Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից հատկապես երեխաներին, ծերերին, խրոնիկ հիվանդներին և համանդամություն ունեցող անձանց աջակցություն ցույց տալու համար։ Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցությունը ԼՂ առաքելու նպատակով»։
Հարցին, թե այնուամենայիվ երաշխիքներ կա՞ն, որ օգնությունը տեղ կհասնի, Սարգսյանը պատասխանեց․ «Մենք ականտես ենք լինում, որ դեկտեմբերի 12-ից սկսած միջանցքը փակ է, հունիսի 15-ից սկսած արգելված է նույնիսկ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից մատակարարումների հարցը, այս իրավիճակում երաշխիքների մասով ավելորդ է խոսել»։