չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շուշին չէր կարող մի հոգու պատճառով ընկնել․ մենք հասկանում ենք՝ Միքայել Արզումանյանից վերև ովքեր են կանգնած և ովքեր են որոշում ամեն բան․ Արտակ Հովհաննիսյան․ «Հրապարակ»

Շուշին չէր կարող մի հոգու պատճառով ընկնել․ մենք հասկանում ենք՝ Միքայել Արզումանյանից վերև ովքեր են կանգնած և ովքեր են որոշում ամեն բան․ Արտակ Հովհաննիսյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախյան երկրորդ պատերազմի խորհրդանիշ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հորը` Արտակ Հովհաննիսյանին, վերջին շրջանում չենք տեսնում որեւէ բողոքի ակցիայի կամ այլ միջոցառման մասնակցելիս։ Տպավորություն է, թե հերոսի հայրը մեկուսացել է իրականությունից, նրան դուր չի գալիս այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, բայց ակտիվ բողոքող չէ: Մենք զրուցել ենք նրա հետ տարբեր հարցերի մասին:

- Պարոն Հովհաննիսյան, երեք օր առաջ որդեկորույս ծնողները դատախազության շենքի դիմաց էին, պահանջում էին, որ գլխավոր դատախազը ձերբակալի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դուք թեպետ չեք համակրում օրվա իշխանություններին, սակայն հակաիշխանական ակցիաներին էլ չեք մասնակցում: Ինչո՞ւ:

- Ես վաղուց եմ ասել` դեռ երկու տարի առաջ, որ ծնողները` բոլորն անխտիր պետք է մեկ մարդ դառնան, այլ ոչ թե պառակտվեն, բայց այդպես չեղավ: Ամեն մեկը մի խմբի անդամ դարձավ: Պատճառներից մեկն էլ այն է, որ չի կարելի նման հավաքներին քաղաքական ենթատեքստ տալ: Ես՝ ինքս, չեմ ուզում քաղաքական որեւէ հավաքի մասնակցել: Հերիք չե՞ն նշածս պատճառները: Կարծում եմ` հերիք են: Այն, ինչ պահանջում են որդեկորույս ծնողները, ես՝ ինքս էլ, որպես որդեկորույս ծնող, համաձայն եմ նրանց բոլոր պահանջների հետ:

- Այսինքն` որդեկորույս ծնողներին է՞լ են բաժանում սեւերի ու սպիտակների:

- Թող ոչ մեկը չհամարձակվի որդեկորույս ծնողին սեւերի կամ սպիտակների բաժանել: Մեր գույնը կարմիրն է: Իսկ քաղաքական ուժերը եւ կուսակցությունները չպետք է խառնվեն որդեկորույս ծնողների գործերի մեջ: Ոչ մի քաղաքական ուժ չպետք է իրեն թույլ տա որդեկորույս ծնողի ցավի հաշվին դիվիդենտներ շահել: Ես նման հարցերում չկամ, դա իմը չէ: Դա սխալ է: Բոլորիս սրտերն արյունով են լցված: Չունենք ո՛չ սեւի, ո՛չ էլ սպիտակի խնդիր: Կա մտածելակերպի խնդիր: Մեկը մի ձեւով է մտածում, մյուսը` այլ, սակայն բոլորիս ցավն ու ցանկությունը մեկն է.... ոչ մեկը մյուսին քննադատելու իրավունք չունի, թե ինչու էսպես արեցիր կամ ինչու էնպես չարեցիր: Ես իմ անելիքն արել եմ ու անում եմ: Պարտադիր չէ, որ գնամ դատախազության շենքի դիմաց կանգնեմ ու ասեմ` տեսեք, ես էլ եմ եկել: Ես ունեմ նաեւ առողջական խնդիրներ, հազիվ եմ քայլում:

- Վերջին շրջանում մեր իշխանությունները փորձում են պարտված պատերազմի համար մեղավորներ գտնել: Ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Նա մեղադրվում է Շուշիի անկման մեջ:

- Շուշին չէր կարող մի հոգու պատճառով ընկնել: Չեմ կարծում, որ մի հոգին կարող է նման որոշում ընդունել, այն էլ Միքայել Արզումանյանի նման մարդը: Մենք հասկանում ենք, որ նրանից վերեւ ովքեր են կանգնած եւ ովքեր են որոշում ամեն բան: Դա Միքայել Արզումանյանի որոշելու հարցը չի եղել: Նրան ընդամենը կարող էին հրաման տալ, նա էլ կատարեր: Այդքան մի բան: Նորից եմ ասում` մենք պետք է մի մարդ դառնանք: Երբ իմը, քոնը դառնա բոլորինը, այդ ժամանակ էլ հաջողություններ կունենանք: Քանի դեռ մարդիկ փորձում են միայն իրենց անձնական շահերի մասին մտածել, առաջ չենք գնալու:  Շատերը քննարկում են, թե այս մի հերոսի ծնողն ինչու այսինչ բանը չասաց,  մյուսն ինչու այս բանը չարեց եւ այլն:  Հավատացած եղեք` ես չէի ցանկանա, որ իմ տղան զոհվեր ու դառնար սիմվոլ: Ես կուզեի նա հիմա իմ կողքին լիներ: Երանի հնարավոր լիներ ժամանակը ետ տալ: Ես կուզեի իմ որդին հետ գար, ուրիշ ոչինչ չեմ ուզում:

- Թշնամուն հանձնվեցին նաեւ Աղավնոն ու Բերձորը....

- Այս ամեն ինչը, ըստ իս, նախապես պլանավորված էր: Սա նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրի շարունակությունն է, ու դեռ մենք չգիտենք, թե այդ պայմանագրում ինչ կետեր կան:  Երեսուն տարի մենք հաղթողի դերում ենք եղել ու հանկարծ հիմա պարտվում ենք: Ինչո՞ւ: Ո՞նց պարտվեցինք, երբ այսօրվա սերունդն ավելի ուժեղ է, քան մեր սերունդը:

- Իսկ ի՞նչն էր պատճառը` Ձեր կարծիքով:

- Որովհետեւ պառակտված ենք: Ամեն մարդ իր սեփական ես-ի մասին է մտածում: Ինձ ասում են` ինչո՞ւ մեքենադ տվեցիր բանակին, լավ եմ արել: Տղերքին տեղափոխելու, սնունդ տանելու հարց է եղել, ինչ արել եմ` ճիշտ եմ արել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: