Շուշիի շրջանում գյուղեր վերահսկողության տակ վերցնելու ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. պարզաբանում
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդումն առ այն, որ իբր իրենց զինուժը Շուշիի շրջանում գյուղեր է վերցրել իր վերահսկողության տակ, իրականությանը չի համապատասխանում:
«Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին ասել է Արցախի Հանրապետության Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ապրիլի 3-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե, իբր, իրենց զինուժը մարտի 25-ին իրականացրած հատուկ գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցրել Արցախի Շուշիի շրջանի 2 գյուղ։
«Շուշիի շրջանի ոչ մի գյուղ չի անցել թշնամու վերահսկողության տակ։ Տեղանքին քիչ թե շատ ծանոթ մարդը գիտի, որ այդ տարածքում բնակավայր գոյություն չունի. չբնակեցված տարածք է, որտեղ դիրքեր են առաջ տվել: Սակայն պետք է նշեմ, որ թշնամին Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհահատվածի մոտ ունեցած դիրքային նոր առավելությամբ խզել է կապը Շուշիի շրջանի գյուղերի և Ստեփանակերտի ու Արցախի մնացած համայնքների միջև։ Շարունակ կապի մեջ ենք շրջանի բոլոր համայնքների ղեկավարների հետ: Բնակիչները շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով և իրենց առօրյա խնդիրներով, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ և Ստեփանակերտի հետ գրունտային ճանապարհի արգելափակմամբ»,-հավելել է Գ. Հովհաննիսյանը:
Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանն էլ ընդգծել է, որ նշված դիրքային առաջխաղացումը տեղի է ունեցել ամայի տարածքներում, բայց դրա հետևանքով փակվել է միջհամայնքային կարևոր ճանապարհ, որի մասին բազմիցս նշվել է:«Այդ հատվածում գյուղական համայնքներ չկան։ Անգամ ադրբեջանական կողմի ցուցադրված կադրերում գյուղական բնակավայրեր չկան, այլ հին գոմերի ավերակներ են:
Կարծում եմ խնդիրն այլ դաշտում է, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Նրանք, սակայն, դեռ շարունակում են զբաղեցնել գրաված հատվածը: Կարծում եմ՝ առաջին հերթին այդ է պատճառը, որ ադրբեջանցիները, օգտվելով ռուսական կողմի` այս պահին դրսևորվող պասիվությունից, նման քարոզչական ապատեղեկատվություն են շրջանառում»,- պարզաբանել է ռազմական փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը տեղեկատվական նման գրոհների միջոցով անընդհատ մեծացնում է հոգեբանական ճնշումը մոտ 4 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչության նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբն էր հայտնել, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ: