չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Շրջափակված Արցախում նորից հարսանիք էր՝ ապրելու սուղ պայմանները չխանգարեցին, որ այն ոչ միայն կայանա,այլ դառնա յուրահատուկ․ արցախցի Արմանն ու Մարիամը՝ մի ավտոբուսում տեղավորված հարսանիքի հյուրերի, հարսանեկան համեստ սեղանի մասին

Շրջափակված Արցախում նորից հարսանիք էր՝ ապրելու սուղ պայմանները չխանգարեցին, որ այն ոչ միայն կայանա,այլ դառնա յուրահատուկ․ արցախցի Արմանն ու Մարիամը՝ մի ավտոբուսում տեղավորված հարսանիքի հյուրերի, հարսանեկան համեստ սեղանի մասին

«Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի  Սբ․ Հակոբավանք»,- երեկ վաղ առավոտից արցախցի Արմանի ու Մարիամի հարսանեկան լուսանկարները ողողեցին համացանցը, հավանաբար դրանց դուք էլ հանդիպված կլինեք։

«Ինձ համար մեր «հայտնիությունն»  այնքան անսպասելի էր, բայց հետաքրքիր զգացողություն էր։ Երեկ մինչև երեկոյան ժամը 6-ը ինտերնետ չունեինք, երբ հասանելի դարձավ,տեսանք, որ ամենուր մեր լուսանկարներն են»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է  Մարիամը։  Իսկ մենք էլ որոշել ենք զրուցել նորապասակ զույգի՝ Մարիամ Մխիթարյանի ու Արման Ավանեսյանի հետ՝ շրջափակման պայմաններում ընտանիք կազմելու որոշման ու դրա խորհրդի, ոչ սովորական հարսանիքի, ռեստորանի առատ սեղանների փոխարեն ընտանեկան  համեստ ընթրիքի ու եկեղեցու խորանի մոտ «Տեր» և «Հնազանդ»   լինելու խոստում տալու ընթացքում պահված երազանքների մասին։

Բայց մինչ այդ շտապենք Արմանի համար անհանգստացողներին տեղեկացնել՝ Մարիամը թեթև էր, Արմանը դեպի Սբ․ Հակոբավանք տանող քարքարոտ ճանապարհը հեշտ հաղթահարեց։ Անկեղծ ասած, սա Արմանի համար շատ  փոքրիկ մարտահրավեր էր, նա իր անցած մարզական ուղում ավելի դժվար բարձրունքներ է հաղթահարել․ 23-ամյա Արմանը մարզիկ է, ձյուդոյի Հայաստանի  բազմակի չեմպիոն, սամբոյի Հայաստանի բազմակի չեմպիոն, հիմա հանդես է գալիս մարտական սամբոյում, այս տարի էլ  դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։  

«Հակոբավանքը Ստեփանակերտից 90 կմ հեռու է գտնվում, ճիշտ է, հիմա Արցախում վառելիքի խիստ պակաս  կա, բայց կարողացանք մեկ ավտոբուսի մեջ տեղավորել հարսանիքի բոլոր հյուրերին, գտնել վառելիք և հասնել Սուրբ Հակոբավանք։  Եկեղեցի տանող  ճանապարհի վերջին հատվածը  շատ վատն է, ավտոբուսը չկարողացավ բարձրանալ, դե, հարսի շորով էլ Մարիամի համար հարմար չէր, ամբողջ ճանապարհին քարեր էին, ծակող խոտեր, դրա համար էլ որոշեցի ձեռքերիս վրա բարձրացնել»,- պատմում է Արմանը։ Իսկ, թե ինչու ընտրեցին այս դժվարհասանելի ճանապարհով եկեղեցին՝ սիրով բացատրում է․ «Նախ՝ ես արմատներով Քոլատակ գյուղից եմ, այդ գյուղին հարակից էլ գտնվում է եկեղեցին։ Սբ․ Հակոբավանքի հետ կապված շատ հին պատմություն էլ կա․ տարիներ առաջ եմ ասել, երբ ամուսնանամ, հարսանիքի արարողությունը հենց այնտեղ է լինելու․ Արցախյան առաջին պատերազմի տարիներին հայրիկիս և իր  ջոկատի անդամների կյանքը մի անգամ հենց այս հատվածում է  փրկվել»։

Դե, իսկ արմատներով Մարտակերտի Կճողուտ գյուղից Մարիամին էլ այլ բան չէր մնում, քան համաձայնվել Արմանի հետ․ «Պսակի խորհուրդն ինձ համար շատ կարևոր էր, ու խորանի մոտ կանգնած, երբ լսում էի Արմանի  «Տեր եմ» խոստումը ու պատասխանում  «Հնազանդ եմ», մի միտք էր պտտվում գլխումս՝  միայն թե խաղաղություն  լինի ու Արցախի հարցը լուծվի։ Ուրիշ  երազանքներ այդ պահին չունեի։ Միայն գիտեմ, որ այդ պահին ամենաերջանիկ  մարդն էի,  և՛ հուզմունք կար,  և՛ խառը էմոցիաներ»։

«Ես էլ նույն երազանքն ունեի, Մարիամին ձեռքերիս վրա եկեղեցի տանելու ընթացքում նույն բանն էի մտածում՝ թող Արցախում ամեն բան լավ լինի, մնացածը կանենք, մնացածը նպատակներ են, ստացվող բաներ են»,- հավելում է Արմանը։

Միություն՝ վեր հանգամանքներից

Արմանի ու Մարիամի երազանքներում մինչև 2022-ի դեկտեմբերի 12-ը հարսանեկան արարողության հետ կապված ծրագրերը շատ ուրիշ էին․ «Մենք պլանավորել էինք, որ պետք է այս դեկտեմբերին ամուսնանանք՝ մեծ հարսանիքով, պետք է  հյուրեր ունենայինք Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից»,- պատմում է Արմանը։

«Բայց  Արցախում վիճակն օրեցօր վատանում է, դե, սննդի պահով էլ չեմ էլ ասում, ու հասկացանք, որ մեզ էլ ավելի դժվար օրեր են սպասում, դրա համար էլ  որոշեցինք հիմա  ամուսնանալ, անկախ ստեղծված ծանր վիճակից, որովհետև չգիտենք, թե օրեր անց ինչ իրավիճակում  կհայտնվենք»,- ասում է Մարիամը։  

Երազանքների հարսանիքից հրաժարվելը հեշտ բան չէր, բայց Մարիամի ու Արմանի համար առավել կարևոր էր միասին լինելը, անգամ՝ շրջափակման պայմաններում․ «Այո՛, երազանքներ ու պլաններ կային, բայց ինձ համար ամենակարևորը եկեղեցի գնալն էր և խորանի մոտ հարսի զգեստով կանգնելը։ Անկեղծ ասած, կարողացա գտնել իմ երազած հարսի զգեստը, ընդամենը երկու օր եմ փնտրել, հարսանեկան ծաղկեփունջ էլ ունեի, բայց շատ դժվարությամբ գտա։ Ճիշտ է, ամեն ինչ այլ կերպ էի պատկերացրել, չէի էլ մտածում, որ այդ պայմաններում ես ու Արմանը ընտանիք կկազմենք, բայց միասին լինելու ցանկությունն այնքան մեծ էր, որ հասկացանք, պետք է գնալ մինչև վերջ ու ընդամենը10  օրում որոշեցինք ու ամուսնացանք, ամեն ինչ շատ արագ ստացվեց»։

 Ընտանեկան ընթրիք՝ այստեղիս-այնտեղից «ճարածով»

«Հարսանեկան արարողության ընթացքում փորձել ենք պահպանել ավանդական տարրերը․ իմ ընտանիքի անդամների հետ գնացել ենք Մարիամենց տուն, բայց ամեն ինչ համեստ ու հանգիստ ենք արել,  օրինակ՝ առանց  զուռնա-դհոլի, որովհետև հիմա այստեղ  շատ մարդկանց մոտ ահավոր ծանր վիճակ է ու սիրուն չէր լինի այս պայմաններում նման բաներ կազմակերպել։ Ավանդույթները պահվել էին, բայց ամեն ինչ շատ համեստ էր»,-ասում է Արմանը․ «Արցախում սննդի բացակայության պատճառով արդեն վաղուց ռեստորաններ, ժամանցի վայրեր չեն գործում։ Մեր պսակադրության արարողությունից հետո ընտանեկան ընթրիք կազմակերպեցինք՝  չենք էլ կարող ասել, որ հարսանեկան տոնական սեղան էր, շատ սովորական էր ամեն ինչ։ Ներկա էր Մարիամի ընտանիքը, իմ ընտանիքն ու մի քանի ընկերներ ու մեր քավորն ու քավորկինը։ Ինչ հնարավոր էր՝ ճարել,  դրել ենք սեղանին, մենք էինք ամեն ինչը սարքել։ Սեղանին միսը կար՝  խոզի խորոված էր, ճիշտ է, խոզի միսը դժվար է ճարվում,  բայց գտանք։ Մենք ճագար ենք պահում, ճագարի միս էլ կար, գառան միս էլ կար։  Բայց, ասենք աղցանների պակասը զգացվում էր, երշիկեղեն էլ չկար, իսկ այ բանջարեղեն կար»,- պատմում է Արմանը։

Մարիամն էլ հավելում է․ «Հարսանեկան տորթ էլ  ունեինք,  հարևանների, բարեկամների մոտ ինչ կար հավաքեցինք, մոտիկ հարևաններից մեկը փոքր տորթ թխեց։ Կարևորը միասին էինք, թե արդեն սեղանին ինչ դրված կլիներ, քանի հոգի ներկա կլիներ, այդքան էլ  կարևոր չէր»,- անկեղծանում է Մարիամը։ Պատմում է, որ ամենահիշվող պահերից էր  իրենց հարսանեկան առաջին տանգոն, ուրախ երաժշտություն, երգ ու պար չկար, բայց այդ առաջին պարը մի ամբողջ երջանկություն արժեր։   

Մարիամը պատմում է, որ դեռ ընկերություն անելու տարիներին հաճախ էին պլանավորում հարսանիքը, անգամ՝ մեղրամսից խոսում, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց, հարսանիքից հետո մնացին Արցախում, Ստեփանակերտի իրենց տանը, հիմա ո՛չ մեղրամիս է ուզում, ո՛չ էլ մի ուրիշ բան, ուշք ու միտքը մեկն է ՝ շարունակեն մնալ Արցախում, Ստեփանակերտի իրենց տանը։

«Թող Արցախի հարցը լուծվի, մնացածն արդեն երկրորդական է, ամեն ինչ կստացվի» ,- ավելացնում է Արմանը։

Արցախցի նոր ընտանիքը ուղերձ ունի 

«Այս պայմաններում մեր ամուսնության խորհուրդն ինձ համար մեկն է՝  յուրաքանչյուր դժվարության ժամանակ պետք է միասին լինել, պետք է միասին հաղթահարել․  ոչինչ, այսպես էլ է լինում, լավ օրեր էլ կլինեն։ Ես  այս մտքով և՛ ինձ եմ հույս տալիս, և՛ Մարիամին։  Բոլորս էլ բլոկադայի մեջ ենք, բոլորիս համար էլ դժվար է, դժվար է, երբ բոլորը քաղցած են, զրկված ենք տարրական բաներից, ամեն օր հացի խնդիր կա, խանութները դատարկ են, ամեն ինչ անորոշ է,  բայց հենց նման իրավիճակում է, որը սերն օգնում է անցնել դժվարությունների միջով»։  

«Մեզ ուրիշ ոչինչ չի մնացել՝ պետք է ապրենք սիրելով, այս միտքն է մի քիչ ուժ տալիս, որ հաղթահարենք այս ամենը։ Արցախցիները պետք է ապացուցեն, որ այստեղ մարդիկ ապրում են, ամուսնանում, երեխաներ ունենում»,- ընդգծում է Մարիամը։

Իհարկե, մարզիկ Արմանը, կարող էր հիմա աշխարհի մի այլ՝ տաքուկ ու անվտանգ անկյունում ամուսնանալ ու երեխաներ ունենալ, սպորտային կարիերիան այլ երկրներում շարունակելու հնարավորություններ միշտ է ունեցել․ «Առաջարկներ միշտ էլ եղել են, բայց միշտ մի բան ինձ պահել է Արցախում, բոլոր առաջարկները մերժել եմ։ Հասկանում եմ, որ այստեղ՝ Արցախում, հնարավորությունները շատ քիչ են,  բայց ցանկություն չկա իմ Տունը  լքելու, հատկապես հիմա։ Առաջ՝ այն լավ ժամանակներում, գուցե մտածում էի ինչ-որ ժամանակով գնալ, հետ գալ, բայց հիմա այդ առումով ընդհանրապես չեմ մտածում»։

Արմանին Արցախի ու հայրենի հողի հետ ռազմական ուղին էլ է կապում, բայց այդ թեմայով խոսել չի ուզում, միայն ասում է՝ պետք է մնա Արցախում ու  շատ երեխաներ ունենա․«Պատերազմի ժամանակ եղբայրս էլ է զոհվել՝ հորաքրոջս տղան, շատ ընկերներ եմ կորցրել, շատերը վիրավորվել են։ Պետք է շատանանք, մեր ազգը բազմացնենք, որպեսզի փորձենք  ինչ-որ չափով լրացնել մեր զոհված  ընկերների տեղը, չնայած բոլորն են անփոխարինելի։ Մի բան գիտեմ՝ պետք է փորձենք ամենքսմեր չափով շենացնենք Արցախը։ Հենց դրա համար էլ ամենաքիչը երեք երեխա եմ ունենալու, մնացածն էլ՝ Աստված ինչքան տա։ Երազում եմ զույգ տղա ունենալ»,- ժպիտով նշում է Արմանը։

«Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, Արցախը ապրի ու  բոլորը երջանիկ լինեն, երազանքս մեկն է, շրջափակումն ավարտվի․․․․ու բոլորն իրենց երազանքի հարսանիքներն ունենան Արցախում ու հավերժ սիրո խոստում տան Արցախի եկեղեցիներում», -ասում է Մարիամը։  

  • Կիսվել: