հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքները ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքները ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Արցախի Հանրապետությունում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական երեք ծրագիր:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում  տեղեկացրել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ մանրամասնելով, որ  սոցիալական ծրագրերից մեկն ուղղված է լինելու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածոււմ աշխատանքից ազատված անձանց:
 
Նրա տեղեկատվությամբ՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված  աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով  աջակցություն կտրամադրվի:
 
 «Այն աշխատողները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, նրանք կդիմեն նախարարություն կստանան մինչև 68 հազար դրամի չափով աջակցություն:  Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա իր ստացած աշխատավարձի  չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝  68 հազար դրամ»,-  մանրամասնել է Ա. Մանգասարյանը:
 
Մյուս ծրագրով՝  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:
 
«Այս պարագայում չաշխատող են համարվելու  նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 հազարական դրամ ֆինանսական աջակցություն, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում,  ապա՝  20 հազար դրամ: Միակ ծնողի չաշխատելու  դեպքում ևս 40 հազար դրամ աջակցություն կցուցաբերվի ընտանիքին»,-ասաց նախարարը՝  հավելելով, որ որոշումն արդեն շրջանառության է դրվել և առաջիկայում կներկայացվի հաստատման:

  • Կիսվել: