երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շրջափակման 43-րդ օր․ ինչ իրավիճակ է Արցախում

Շրջափակման 43-րդ օր․ ինչ իրավիճակ է Արցախում

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 22.01.2023թ. դրությամբ։

 

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը:

 

Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը հունվարի 21-ին մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, անպատժելիության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։

Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ էլեկտրագիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրականության կայուն մատակարարման հնարավորությունից։

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։

Արցախի առողջապահության նախարարն Ազգային ժողովում ներկայացրել է շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է:
Ներկա դրությամբ 274 հիվանդ կա հիվանդանոցներում, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում գտնվող կանանց թիվը 23 է, հղի կանանց վիտամինային բալանսը ապահովվում է նաև խաղաղապահների օգնությամբ։
Խնդիրներ կան տակդիրների ու կանանց հիգիենիկ պարագաների հարցում:
Շտապօգնության մեքենաների համար որոշակի վառելիք դեռ կա, իսկ ծայրահեղ դեպքում կօգտվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան:

 

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Հունվարի 22-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ:
Օրվա վիճակագրական թարմացումներ
13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 159 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 480 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 42 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

 

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 16,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 43 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:

Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

  • Կիսվել: