Շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը․ Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կրկին խոսեց ստորագրված փաստաթղթի մասին:
Այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին և երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են՝ մեղմ ասած, և Արցախի ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը։ Այս մասն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը»
Նրա խոսքով՝ փաստաթղթով տրվել է այն, ինչն ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի՝ մենք չէինք կարողանա պահել:
«Մի իրավիճակ էր, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, և եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ պաշտպանական շրջանները և մեր հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: Արդյունքում՝ տեղի կունենար ամբողջական կոլապս: Արդյունքում՝ հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց՝ պատահական չէ, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ առաջնագծի զիվորներն ուղերձ են հղում՝ պաշտպանելով կայացված որոշումը:
«Սա նրանից է, որ նրանք գիտեն իրավիճակը, գնահատականն ու գիտեն՝ ինչու և ինչ պայմաններում է կայացվել այս որոշումը»,- ասաց վարչապետը: