ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն

Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն

2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը:

Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտար լրացուցիչ ոռոգովի տարածքներ:

Բանջարեղենի մշակության, ջերմատնային տնտեսությունների մակերեսների ու արտադրանքի ծավալների ավելացման, այգետնկումների խրախուսման, ջրախնայողական արդի տեխնոլոգիաների ներդրման խթանման նպատակով պետության կողմից առաջարկվում են աննախադեպ շահավետ ու արդյունավետ աջակցության մեխանիզմներ:

Դրանցից զատ, օժանդակության նոր ծրագրերը միտված են խրախուսելու վերջնական արտադրանքը: Այս համատեքստում կարեւոր է նշել, պետությունը պատրաստվում է կենտրոնացված կարգով շուկայականից բարձր արժեքով հողօգտագործողից գնել աշնանացան եւ գարնանացան մշակաբույսերի բերքը:

Հատկանշական է, որ աջակցության նոր կարգերից մի քանիսը պահանջում են լուրջ ներդրումներ, որոնց զգալի մասը Արցախի կառավարությունը կսուբսիդավորի:

Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերից Արցախում կգործարկվի ոչխարների ներկրման ծրագիր՝ աննախադեպ շահավետ պայմաններով. կառաջարկվի կենդանու արժեքի 35 տոկոսի չափով սուբսիդավորում, կամ 5 տարի մարման ժամկետով 7 տոկոս փոխառության տրամադրում, կամ 5 տարի մարման ժամկետով անտոկոս վարկի տրամադրում:

Զգալիորեն կխրախուսվի ջերմատների կառուցումը. կտրամադրվի կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 200 մլն դրամը:

Անասնաբուծական մթերքների եւ հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման ծրագրերի համար նախատեսվում է կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 30 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 15 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 60 մլն դրամը: Անասնաշենքերի էլեկտրաֆիկացման եւ ջրաֆիկացման համար նախատեսվում է սուբսիդավորել կատարված ծախսերի 90%-ը:

Արցախում նախատեսվում է նաեւ սպանդանոցների կառուցման համար կատարված ծախսերի 50%-ի փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 30 մլն դրամը, կամ փոխառության տրամադրում` տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 60 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 15 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 60 մլն դրամը:

Անասնաշենքերի կառուցման համար ծրագրվել է կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 40 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 10 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 80 մլն դրամը, անասնաշենքերի վերակառուցման եւ վերանորոգման համար՝ արժեքի 30 տոկոսի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 15 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 10 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 49 մլն դրամը:

«Վերոնշյալ ծրագրերի կենսակոչման գործում մեզ համար գլխավոր թիրախ են հանդիսանում գյուղատնտեսությամբ իրապես հետաքրքրված, դրանով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվող՝ Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Միավորելով սեփական ներդրումային պոտենցիալն ու Արցախի կառավարության կողմից առաջարկվող շոշափելի միջոցները՝  այդ մարդիք կարող են գրանցել լուրջ արդյունքներ»,- ընդգծել է ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանը:

Ուշագրավ է, որ Արցախի գյուղոլորտում առաջին անգամ կգործեն դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված համայնքային ներուժի զարգացմանը, համայնքներում ագրոտուրիզմի բարգավաճմանը:

Այսքանի հետ մեկտեղ Արցախի հողօգտագործողին հնարավորություն է ընձեռվել սեփականաշնորհված եւ վարձակալության իրավունքով օգտագործվող հողի, ինչպես նաեւ համայնքներում ցանկացած արտադրական նշանակության շինությունների գրավադրմամբ ստանալ անտոկոս վարկ՝ գյուղատնտեսության մեջ ներդնելու նպատակով:

«Համակցելով պետության, բանկերի եւ սեփական կապիտալը՝ մեզ կհաջողի առավել արագ հասնել նախանշված արդյունքներին,- շեշտել է Աշոտ Բախշիյանը:

Այս բոլոր միջոցառումները նպատակ են հետապնդում վերակենդանացնել վերջին տարիներին անկում ապրած գյուղատնտեսությունը, նպաստել 2 հայկական հանրապետությունների պարենային անվտանգության ապահովմանը՝ հստակ ամրագրելով Արցախի՝ ագրարային երկիր լինելու փաստը:

  • Կիսվել: