երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոլդովական փողոցում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Մոլդովական փողոցում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Նոյեմբերի 12-ին Նոր Նորքի Մոլդովական փողոցում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, դեպքին մասնակցած անձանց ինքնությունները։ Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել 24, 26 և 22 տարեկան տղամարդկանց քրեական գործով մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու մասին:

Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին՝ ժամը 00:59-ին, 24 և 26-ամյա տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, թե Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 00:20-ին համակարգչային խաղերի սրահում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: