հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ի մեծամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում․ Անդրեյ Ռուդենկո

Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ի մեծամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում․ Անդրեյ Ռուդենկո

Ձգձգված ԼՂ հակամարտության կարգավորման գործում կողմերի հետ աշխատանքը մեր արտաքին քաղաքականության գերակայությունների թվում է: Այս մասին «Россия сегодня»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: Ռուսաստանը միշտ կատարում է միջնորդի իր ակտիվ դերը: Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի նախագահ, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում է, որն առավել ընդգծում է միջնորդական ջանքերի կարևորությունը, մեծացնում ուշադրությունը արդյունքների նկատմամբ»,-նշել է նա:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը միջնորդական առաքելության կարևոր փուլ է որակել նաև 2008թ.Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որում խոսվում է հակամարտության քաղաքական կարգավորման մասին:

«Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016թ. մեծամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարներին: Իրականացնում ենք մեր միջնորդական առաքելությունը ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Ռուդենկոն:

Պաշտոնյան ընդգծել է Ռուսաստանի դերակատարությունը հակամարտության գոտում իրավիճակի կայունացման, բանակցային գործընթացի վերաթարմացման, ինչպես նաև կողմերի տարածքներում ձերբակալված անձանց իրավիճակի մեղմացման գործում:

«Պայմանավորվածություն էր ձեռք բերվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների փոխադարձ այցերի: Այդ պայմանավորվածությունների մի մասը կյանքի է կոչվել: Սահմանին և շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Երևանի և Բաքվի միջև գործում է ուղիղ կապ, կայացել է լրագրողների փոխադարձ այցը: Վերադարձվել են կողմերում պահվող Զավեն Կարապետյանն ու Իլվին Իբրահիմովը: Շարունակվում է մյուս ձերբակալվածների ուղղությամբ աշխատանքը, որին միացել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Կարծում ենք, որ դա խոսում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրությունների մասին: Դրա մասին են, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել վերջերս Ժնևում կայացած հանդիպմանը: Կողմերը հայտարարում են կոմպրոմիսի հասնելու պատրաստակամության մասին: Սատարում ենք այդ տրամադրվածությունը: Աշխատանքի շարունակման հիմքն առկա է. գլխավորը՝ ցուցաբերել քաղաքական կամք»,-ասել է Ռուդենկոն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: