հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել շփման գծում

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել շփման գծում

Ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերը զրահապատ ավտոմեքենաներով  շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի ընթացիկ իրավիճակի վերահսկման առաջադրանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պարեկության ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ցուցադրություն է իրականացվում, ինչպես նաեւ` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն եւ շփման գծում երկու կողմից սադրիչ գործողությունների կանխարգելում:

«Ռուս խաղաղապահները տարբեր ուղղություններով ամենօրյա պարեկություն են իրականացնում Մարդակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշայի շրջաններում եւ Լաչինի միջանցքում: Շարժական պարեկային խմբերը տեղաշարժի առաջադրանքներ են կատարում շփման գծի երկայնքով` ցուցադրելու համար ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը, ինչպես նաեւ` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը: Բացի այդ, պատասխանատվության գոտում իրավիճակի փոփոխությունները բացահայտելու համար պարեկային խումբն օդային դիտարկումներ եւ տեղի բնակիչների հարցումներ է իրականացնում երթուղու վրա»,- նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Միշչենկոն:

Պարեկային խմբերը ժամանակակից «ԲՏՌ-82Ա» եւ «ՈւՌԱԼ» զրահամեքենաներով բազմակիլոմետրանոց երթեր են իրականացնում ընդհանուր օգտագործման ճանապարհներով, հողային ճանապարհներով եւ լեռնային օձագալար ճանապարհներով` անցնելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հեռավոր շրջաններով:

Ռուս խաղաղապահների քսանյոթ դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մշտադիտարկում եւ վերահսկում է իրականացվում:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար անդադար փոխազդեցություն է պահպանվում  Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվեց ամբողջական հրադադարի եւ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

  • Կիսվել: