ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արա Այվազյանն ընդգծել է Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը՝ հիմնված ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա

Արա Այվազյանն ընդգծել է Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը՝ հիմնված ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանը հանգամանալից անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, Արա Այվազյանն այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում: 

«Ներկայացրի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերի առնչությամբ։

Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը: Մտքեր փոխանակեցինք միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ, ընդգծել է  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը: 

ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ հանդիպման առանցքային հարցերից մեկը Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր, և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ «Մենք մտքեր փոխանակեցինք պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։

Ես Հայաստանի Հանրապետության անունից խորին երախտագիտություն հայտնեցի ֆրանսիացի գործընկերոջս՝ պատերազմի ամենասկզբից ի վեր Ֆրանսիայի որդեգրած համարձակ և, միևնույն ժամանակ, անկողմնակալ դիրքորոշման համար։ Մեզ համար խիստ կարևոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին և անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։

Օգտվելով ընձեռված առիթից՝ կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել անձամբ արտգործնախարար Լը Դրիանին՝ ինչպես պատերազմի ծանր օրերին, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո խնդրի կարգավորմանը և Հայաստանին օգնելու հարցում իր ներգրավվածության, ինչպես նաև ֆրանսիական դիվանագիտության կառուցողական գործունեության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության համար։ Վերջին ամիսներին մենք, հիրավի, զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի, պետության և հասարակական շրջանակների անկեղծ աջակցությունն ու կարեկցանքը մեր թիկունքում։ Դրա ամենավառ վկայությունն ինչպես վերոնշյալ փաստերն են, այնպես էլ՝ ֆրանսիացի մտավորականների, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, պետական ու քաղաքական գործիչների հազարավոր հայտարարությունները և մամուլի հրապարակումները։ Այս համատեքստում կցանկանայի նաև հիշատակել «Le Monde» օրաթերթի երկու լրագրողներին, ովքեր ծանր վիրավորվել են Արցախում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Նրանց արագ ապաքինում եմ մաղթում»,- ասել է Արա Այվազյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել նաև հայ-ֆրանսիական սերտ քաղաքական երկխոսության խորացման հետագա հեռանկարներին և համագործակցության ծրագրերին։ 

 

«Ավարտելով խոսքս՝ կուզենայի ընդգծել, որ շատ ուրախ կլինեմ հյուրընկալել գործընկերոջս՝ Ժան-Իվ Լը Դրիանին Երևանում՝ օրակարգային հարցերի շուրջ հայ-ֆրանսիական արդյունավետ երկխոսությունը շարունակելու նպատակով»,- եզրափակել է Այվազյանը։

  • Կիսվել: