հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պիտի առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգը ավելի բարձր մակարդակի լինի. Բեգլարյան

Պիտի առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգը ավելի բարձր մակարդակի լինի. Բեգլարյան

Պետք է բարեփոխումներ իրականացնենք վարչարարության համակարգում և քաղաքացիների հետ շփումների, այսինքն՝ հետադարձ կապի համակարգում՝ դա կլինի ընդունելություն, զանգ թե նամակագրություն: Դա սկսելու ենք նախագահի աշխատակազմից, հետո ժամանակի ընթացքում մյուս մարմիններում սկսելու ենք տարածել այդ մոտեցումները: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նախնական ծրագրերը կան՝ առաջիկա օրերին նախագահի աշխատակազմում հիմնելու ենք զանգերի կենտրոն, որն աշխատելու է պրոֆեսիոնալ մոտեցումներով, ընդունելության կենտրոն՝ սպասարկման համակարգ ենք ստեղծելու. այն առկա է, բայց բավարար չէ, քաղաքացիների արդյունավետ սպասարկում պետք է իրականացնենք՛՛:

Բեգլարյանը վստահեցրեց, որիր ուշադրության տակ են լինելու կառավարման համակարգի բարելավումը և բարեփոխումը, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարումը: ՛՛Պետական համակարգում առ այսօր այս տեսանկյունից լուրջ խնդիրներ կան, ու պետք է ինստիտուցիոնալ զարգացման տանենք՛՛,-ասաց նա:

Խոսելով անվտանգության մասին՝ Բեգլարյանը նշեց. ՛՛Մենք մեր մասով պետք է առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգը գնալով ավելի ու ավելի արդյունավետ աշխատի, ավելի ու ավելի բարձր մակարդակի լինի: Բայց բոլորս պետք է հասկանանք, որ դրա համար ժամանակ է պետք, քանի որ նոր առաջնագիծ է, առաջնագիծը մոտ 2.5 անգամ մեծացել է և բնակելի տարածքներին շատ տեղերում շատ մոտ է, և դրանով պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում:

Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում, համոզված եմ, ՊԲ կողմից, համապատասխան այլ մարմինների կողմից անվտանգության համակարգն ավելի կամրանա, ռիսկերը կնվազեն: Եվ պետական կառավարման համակարգն էլ պետք է փորձի գոնե հոգեբանական-տեղեկատվական մասով բաց աշխատել, ռիսկերն ու խնդիրները ներկայացնել և փորձել հնարավորինս իրավիճակը կառավարել՛՛:

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ նաև Արցախի միջազգային ճանաչման հարցին: Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Այս պահին դժվարությունները շատ ավելի շատ են, բայց, մյուս կողմից, այս իրավիճակով պայմանավորված՝ նաև դրական միտումներ էլ կան՝ հաշվի առնելով այն, որ որոշ միջազգային կազմակերպություններ արդեն ցանկություն են հայտնել Արցախում գործունեություն ծավալել:

  • Կիսվել: