հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետք է սառնասիրտ լինել. Քոչարյանը` ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների մասին

Պետք է սառնասիրտ լինել. Քոչարյանը` ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների մասին

Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ և դրանով լարվածություն են ստեղծում Արցախում։ Նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը փոխանցվի Հայաստանին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

«Պետք է լինել սառնասիրտ։ Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակներն էլ չեն փոխվել՝ անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում»,–անդրադառնալով Կաշենի հանքավայրի շուրջ տեղի ունեցող միջադեպին՝ ասաց Քոչարյանը։

Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարությանը դիմել էր, որպեսզի թույլ տան այցելել Դրոմբոն եւ Կաշենի հանքավայրեր։

Այս պահին էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Նախորդ անգամ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի միջամտությամբ։ Խաղաղապահ ուժերն ունեն առաքելություն նման լարվածությունները չեզոքացնելու համար»,–ասաց նա։
Քոչարյանի խոսքով` Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր, ուրիշ հարց է, թե Հայաստանը որքան է պատրաստ դիմակայել այդ ծրագրերին։

«Եղել են ժամանակներ, որ Հայաստանը ոչ միայն դիմակայել է, այլ նաև հետ է շպրտել ։ Ադրբեջանը պետք է մի բան իմանա՝ նման քայլերով ստիպում է, որ Հայաստանն ու Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա և մեր անհաջողություններից դաս քաղելը լինի ավելի արագ տեմպերով »,–ասաց նա։
Նա վստահ է, որ պետք է այնպես անել, որ այս գործընթացը չբերի ավելի մեծ լարվածությունների։

Հարցին՝ ինչպե՞ս են բնապահպան ներկայացող ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայրի տարածք, Քոչարյանն ասաց․

«Կարծում եմ, որ այստեղ տեղի է ունեցել փոխհամաձայնեցված գործողություն, և դա շատ ճիշտ է։ Պետք է Արցախի իշխանությունները կարողանան նման ռիսկերը կառավարել, ես հիմա չեմ կարող ասել, թե ում միջև է տեղի ունեցել փոխհամաձայնեցված գործողություն։ Չէին կարող «բնապահպանները» դրոշակները վերցնեին և հասնեին այնտեղ, դա նշանակում է, որ եղել է ինչ-որ համաձայնություն, որպեսզի չկրկնվեն նման լարվածությունները։ Եթե լարվածության նման այլ դրսևորումներ լինեն, կարող է մյուս անգամ թույլ չտան, սա գործընթաց է, որը պետք է այնպես իրականացնել, որպեսզի ավելի մեծ լարվածության չհանգեցնի»։

  • Կիսվել: