ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատերազմը երկարելու դեպքում ՀՀ ԱԺ-ում քննարկման կդրվի Արցախի ճանաչման հարցը․ ԱՀ ԱԺ նախագահ

Պատերազմը երկարելու դեպքում ՀՀ ԱԺ-ում քննարկման կդրվի Արցախի ճանաչման հարցը․ ԱՀ ԱԺ նախագահ

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվական շտաբում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը:  Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Խորհրդարանի նախագահը ողջույնի փոխարեն ճեպազրույցը սկսել է «Հաղթելու ենք» խոսքերով: Անցնելով ճեպազրույցի թեմային՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Արցախի ողջ երկայնքով Ադրբեջանի  հրահրած պատերազմին, խոսել պարենային անվտանգության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների, ինչպես նաև Արցախի իշխանությունների և ժողովրդի վճռականության մասին: Արցախի խորհրդարանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին՝ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Արցախի տեսակետը միջազգային կառույցների հետ քննարկելու նախաձեռնության համար:

Արթուր Թովմասյանը նաև անդրադարձել է սեպտեմբերի 27-ին ԱՀ Ազգային ժողովի տարածած հայտարարությանը՝ նշելով, որ նպատակը քաղաքակիրթ երկրների ուշադրությունը ևս մեկ անգամ Արցախի ճանաչման խնդրի վրա սևեռելն էր: Շարունակելով թեման՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ պատերազմը երկարելու դեպքում ՀՀ ԱԺ-ում քննարկման կդրվի Արցախի ճանաչման հարցը:

Պատասխանելով ՀՀ կողմից ԱՀ անկախության ճանաչման  հավանականության և ՀՀ-ԱՀ ռազմավարական դաշինքի կնքման մասին լրագրողի հնչեցրած հարցին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ երկու թեմաներն էլ այժմ քննարկման փուլում են:

  • Կիսվել: