Պատերազմի հետևանքով Արցախում նյութական վնաս կրած անձանց աջակցության գումարների տրամադրումը շարունակվում է
Չնայած շրջափակմանն ու դրա հետևանքներին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության տրամադրումը շարունակվում է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը՝ հավելելով, որ ի տարբերություն նախորդ երեք ամիսների, վերջին մեկուկես ամսում աջարկցության տրամադրումն ինտենսիվ է եղել:
«Նյութական վնասների հարցերի կոմիտեի կողմից քննարկվել և լրիվ կամ մասնակի բավարարվել են 4100 ֆիզիկական և իրավաբանական անձանց գործեր՝ 5499 շահառուի վերաբերյալ։ Շահառու ճանաչված քաղաքացիներից աջակցություն է տրամադրվել 2400 ֆիզիկական և իրավաբանական անձանց»,-մանրամասնել է Կոմիտեի ղեկավարը:
Նրա խոսքով՝ աջակցությունը, շարունակվում է տրամադրվել Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված հետևյալ հերթականությամբ՝ առաջին խմբում ընդգրկված են զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, երկրորդում՝ 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամություն ունեցող անձինք, այնուհետև՝ 3-րդ կարգի զինհաշմանդամություն, 1-ին և 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն ունեցողները, տեղահանված, բազմազավակ կամ 80 և բարձր տարիքի քաղաքացիները, որից հետո՝ մյուս քաղաքացիները, իսկ վերջում այն շահառուներին, ովքեր զինապարտ լինելով, խուսափել են մարտական գործողություններին մասնակցելուց:
«Առաջին և երկրորդ սոցիալական խմբերի շահառուները հիմնականում արդեն ստացել են կորսված գույքի դիմաց սահմանված աջակցության գումարները»,- հայտնել է Վ. Ղահրամանյանը:
