շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատարայի ջրամբարը կլինի առաջինը, որը Արցախում կառուցվում է ամբողջովին ինքնուրույն ուժերով` տասն օրից կավարտվի շինարարության առաջին փուլը

Պատարայի ջրամբարը կլինի առաջինը, որը Արցախում կառուցվում է ամբողջովին ինքնուրույն ուժերով` տասն օրից կավարտվի շինարարության առաջին փուլը

Պատերազմից հետո Արցախի ջրային խոշոր համակարգերն ու հիմնական ջրային ռեսուրսները անցել են թշնամու վերահսկողության ներքո: Ջրային համակարգերը, կարելի է ասել, ամբողջովին կորցրել ենք: Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը:

Նա մատնանշում է, որ մինչ պատերազմը լուրջ ծրագրեր էին մշակվել ջրային ռեսուրսների կառավարման, նոր համակարգերի կառուցման,  եղածն արդիականացնելու մասով, բայց ինչպես մյուս, այնպես էլ ջրային կառավարման ոլորտում բոլոր ծրագրերը հօդս ցնդեցին:

«Սակայն կառավարությունը փորձում է ելքեր փնտրել, որպեսզի կորուստը փոխհատուցվի, և Ստեփանակերտում նախորդ ամառվա ընթացքում գրանցված ջրի ճգնաժամը, չկրկնվի»,- նշում է պաշտոնյան:

Հաշվի առնելով պատերազմի հետևանքով Արցախի ջրային ռեսուրսների մեծ մասի կորուստը` կառավարությունը ներկայումս ջրային համակարգերի կառուցման և վերանորոգման ծրագրերում շեշտը դնում է ջրախնայողության սկզբունքի վրա: Այս առումով պետությունը լայն աջակցություն է ցուցաբերվում ոռոգման կաթիլային համակարգեր ներդնելու ծրագրերին: «Ջրախնայողության ծրագրերի շրջանակում մենք սկսեցինք բաց ջրանցքները փակով` խողովակաշարերով փոխարինելու գործընթացը: Այս դեպքում կորուստները չնչին տոկոս են կազմում: Եթե նախկինում մենք ունեինք շուրջ 75% ջրային կորուստներ, ապա նոր համակարգի ներդնումից հետո այն նվազում է մինչև 3-5%»,- պարզաբանում է Հայրիյանը` հավելելով, որ ծրագրի իրականացման համար արդեն իսկ ծախսվել է ավելի քան երեք մլրդ դրամ:

Բայց արդյունքը արդեն իսկ տեսանելի է...Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքի, Խրամորթ, Հնապատ, Նախիջևանիկ, Վարդաձոր համայնքների բոլոր հողերը դարձել են ոռոգելի:

Հայրիյանը պատմեց, որ պատերազմից հետո մեկ այլ նախագիծ էլ են հասցրել իրականացնել. «Նորագյուղ գյուղի վերին հատվածում՝ սովետական ժամանակաշրջանից սարքված մի ջրամբար կար, որը ոռոգում էր մոտ 250 հա հողատարածք, 2006-ին պայթել էր պատվարը, ջրամբարը չէր գործում: Պատերազմից հետո նախագահի հանձնարարութմաբ ջրագիծը դրեցինք, երևի թե առաջին անգամ անկախ Արցախի պատմության մեջ ջրամբար կառուցվեց: Հիմա այդ ջրամբարի պատվարի աշխատանքներն ավարտված են, ջուրը կուտակվում է մարտ ամսից սկսած և միաժամանակ օգտագործվում: Իհարկե, դեռ շատ գործ կա անելու, որովհետև այսօր, եթե ջրամբարից 150 լ վրկ-ում ջուր ենք բաց թողնում, այն օգտագործման վայր է հասնում մեծագույն կորուստներով, այս խնդիրը պետք է լուծենք»,- պարզաբանում է պաշտոնյան:

Եվ ահա խնդրի լուծման համար ԱՀ կառավարությունը պատերազմից հետո զարկ է տալիս Պատարայի ջրամբարի կառուցման նախագծի իրականացմանը: «Նախորդ տարի նախագահը հանձնարարեց ծրագրի իրականացման տեմպերը արագացնել: Ծրագիրը նախագծված էր դեռ 2007 թվականից, այն ժամանակ պրոյեկտով ջրամբարում պետք է ամբարվեր 4 մլն խմ ջուր: Հաշվի առնելով, որ հիմա ավելի շատ  ջուր է պետք՝ նոր նախագիծ ենք պատրաստել և ամբարման ծավալը մեծացրել մինչև 6 մլն խմ, այդքան հնարավորություն ունենք տարածքում ջուր հավաքելու»,- մանրամասնեց ջրային ոլորտի պատասխանատուն:

Հայրիյանը նշեց, որ Պատարայի ջրամբարը կլինի առաջինը, որը Արցախում կառուցվելու է ամբողջովին ինքնուրույն ուժերով` մնացած բոլորը կառուցվել են սովետական ժամանակշրջանում, իսկ անկախությունից հետո զուտ իրականցվել են վերակառուցման աշխատանքներ:

Պատարայի ջրատարի հատվածը մոտ 22 կմ է: «Միանգամից նախատեսել ենք, որ նույն խողովակաշարով բացի մայրաքաղաքի սնուցումից լուծվի նաև հարակից գյուղերի ոռոգման հարցը: Մայր ջրատարն արդեն ավարտման փուլում է գտնվում, ջրամբարի շինարարությունն էլ սկսված է: Քանի որ ջրամբարի շինարարությունն ընդհանրապես վեց փուլից է բաղկացած, առաջին փուլը հենց ջրհեղ խողովակների և ջրընդունիչ հանգույցի տեղադրումն է: Իսկ ընդհանուր պատվարի շինարարության ժամկետը սահմանված է երեք տարի՝ մինչև 25 թ. Հունվար»,- պարզաբանեց պաշտոնյան:

Նա նշեց, որ ջրամբարի կառուցման առաջին փուլը կավարտվի արդեն իսկ տաս օրից և մայրաքաղաքի խմելու ջրի և հարակից գյուղերի կենցաղային ջրամատակարարման հարցերը կլուծվեն: Որոշ չափով կլուծվի նաև Մարտունու ջրամատակարարման խնդիրը:

-Իսկ շինարարությունը ի՞նչ միջոցներով է իրականացվում:

-Ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ծրագրերի համար անցյալ տարի հատկացվել էր մեկուկես մլրդ դրամ, այս տարի երկու ծրագիր է՝ ջրամբարի ու խողովակաշարի կառուցում՝ երկուսի համար նախատեսել ենք ավելի քան երեք մլրդ դրամ: Միայն պատվարի ընդհանուր շինարարությունը 9 մլրդ դրամ է, որից մեկուկես մլրդն ենք այս տարի նախատեսել … Մյուս տարի անպայման պիտի նախատեսենք 3-4 մլրդ, որպեսզի այդ ծավալի աշխատանքները կարողանանք իրագործել:

-Իսկ ընդհանրապես ջրային ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը ի՞նչ աղբյուրներից է իրականացվում:

-Բացառապես պետբյուջեից, այլ ֆինանսական աղբյուրներ չկան: Այս հարցը Արցախում պատերազմից հետո մի քիչ դժվարացել է, մենք մինչ պատերազմը՝ նախագահի ընտրվելուց հետո նախանշել էինք ոլորտում ներգրավել փոխառու միջոցներ, ինչը տնտեսության զարգացման համար մեծ խթան կհանդիսանար, սակայն ներկա դրությամբ բանկերի կողմից վարկավորման հարցը Արցախում շատ խնդրահարույց է դարձել: Բանկերը վարկ չեն տալիս ոչ ֆիզիկական անձանց, ոչ էլ պետական, հատկապես 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններին, կարելի է ասել, լրիվ մնացել են պետության հույսին:

-Իսկ բարեգործական միջոցնե՞ր չեն ներգրավվում:

-Ոռոգման համակարգի հետ կապված ծրագրերում չկան: Սակայն խմելու ջրի հետ կապված երկու ծրագիր իրականացվում է "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով` մեկը Ճարտար քաղաքում, մյուսը` Բերդաշեն գյուղում:  

-Խոսեցիք Ստեփանակերտի և հարակից գյուղերի ջրամատակարարման խնդրի լուծման ուղիներից, իսկ այլ շրջանների մասով ինչ կասեք, չէ որ պատերազմից հետո ջրամատակարարման հարցը լուրջ խնդիր է ողջ Արցախի տարածքում: 

-Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններում ջրամատակարարման խնդիրը փորձում ենք լուծել լոկալ խորքային հորերի, լոկալ համակարգերի կառուցման միջոցով: Իրականցվում է  հորատում, առկա խորքային ջրի պաշարի հիման վրա որոշվում է ոռոգեկի տարածքը, տեղադրվում են պոմպեր: Ի տարբերություն Արարատյան դաշտավայրի, մեզ մոտ հորատման միջոցով ջրամատակարարումը իրականացվում է պոմպերի միջոցով… Անցյալ տարի ավելի քան 15 հոր ենք կառուցել, այս տարի մոտ 20-ի հորատումը սկսված է:

-Իսկ ապագայում նման մեծամասշտաբ նախագծեր պլանավորվա՞ծ են:

-Այո, ևս մի ջրամբարի պրոյեկտ ունենք` Մեղրագետի վրա: Ճիշտ նախագծման դեպքում այն գրեթե չի զիջի Պատարայի ջրամբարին իր կարողություններով և կկարողանա կուտակել շուրջ 5 մլն խՄ ջուր:

Եվ ևս մի խոշոր ծրագիր ենք իրականացնում Բերդաշենում: Նախկինում բաց ջրանցքների վերջում այդտեղ գոյություն ուներ արհեստական լիճ, որը սակայն տասը տարի է չենք կարողանում օգտագործել: Սակայն այս պահին այդտեղ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, մեծ ծրագիր է՝ մոտ մեկ մլրդ դրամ արժողությամբ, որի արդյունքում նոր ջրամբար կունենանք, դա՝ արդեն հորատման մեթոդով:

Հետագայում պետք կլինի ջրամբար կառուցել նաև Խաչենի վրա: Այս դեպքում Ասկերանի շրջանը և Մարտակերտի շրջանի որոշ հատված, կունենան  ապահովված ոռոգում, և արդեն կարողանանք զարկ տալ գյուղատնտեսությանը: Ըստ նախագահի ծրագրի` հինգ տարվա մեջ 10 հազար հա այգի պետք է հիմնենք, մենք այդ հնարավորությունը փորձում ենք ստեղծել:

  • Կիսվել: