ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պաշտոնական. Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին համարել է ընտրված նախագահ

Պաշտոնական. Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին համարել է ընտրված նախագահ

2020 թ. ապրիլի 21-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը`  բացառապես  ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին կայացած համապետական ընտրությունների հարցերի օրակարգով: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, մասնակցում էին հանձնաժողովի 8 անդամներից 7-ը, ԿԸՀ աշխատակազմի մասնագետներ, հրավիրված էին ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 93-րդ հոդվածի 3-րդ մասով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշել է` ԱՀ նախագահի 2020 թ. ապրիլի 14-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Հանրապետության նախագահի երկու թեկնածուներին կողմ քվեարկած 45 288 ընտրողների 88 տոկոս կամ  39 860 կողմ քվեներ ստանալու կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ ընտրված համարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

Հիմք  ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է  նաև 2020թ. ապրիլի 14-ին անցկացված ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Նիստում ի գիտություն է ընդունվել ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական և Հանրապետության նախագահի ապրիլի 14-ի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցած թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված եզրակացությունը (զեկուցող` ՎՎԾ ղեկավար Գ.Ավանեսյան) և ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյանի ներկայացրած ամփոփ տեղեկատվությունը մամուլի կենտրոնի գործունեության մասին:

  • Կիսվել: