ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որտեղ սեփականաշնորհման վերանայում են պահանջում ազգային հարստության կողոպտիչները․․․

Որտեղ սեփականաշնորհման վերանայում են պահանջում ազգային հարստության կողոպտիչները․․․

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրում է․   

«Որտեղ բանակի եւ զինվորի մասին «մտահոգված են» պատերազմի տարիներին «բրոնյայով» պետական հիմնարկներում գլուխ պահածները: Որտեղ սեփականաշնորհման վերանայում են պահանջում ազգային հարստության կողոպտիչները:  Որտեղ մի անգամ պատահաբար «դեպուտատ ընտրվածը» բարձր թոշակ է ստանում, բայց հոգու խորքում վիրավորված է, որ «ըստ արժանվույն չի գնահատվում»: Որտեղ կաշառակեր եւ գործընկերոջն անվտանգության մարմիններին մատնած դասախոսը տենչում է ռեկտորության, մյուսը՝ փորում նրա ոտքի տակը: Որտեղ Վիեննայի դիվանագիտական դպրոցում ութօրյա «վերապատրաստում» անցածին ներկայացնում են որպես արցախածին Թալեյրանի:

Որտեղ տասնհիգ տարի Ազգային ժողովի նախագահ աշխատածն այսօր ասում է. «Ընտրիր քո տեսակին»: Բյուրոկրատի՞ տեսակին: Կոմֆորմիստի՞, լուռ համակերպվողի՞, կյանքում մեկի մատից փուշ չհանածի՞, գեթ մեկ անգամ սեփական կարծիք չարտահայտածի՞:

Որտեղ մարդ տասներեք տարի նախագահի ամենամերձավորներից է եղել, դոկտորական թեզ պաշտպանել եւ հիմա երկու բնակարան՝ Ստեփանակերտում, մեկը Երեւանում է հայտարարագրում եւ «Ավելի լավ Արցախ» կարգախոսն ունի: Որտեղ գրչի մարդիկ երեկվա իրենց բռնարարի կողքին են:

Որտեղ ոչ սիրում են, ոչ՝ ատում, միայն նախանձում են: Որտեղ գեներալներին բաժանում են երկու խմբի՝ ով իրենց կողքին է՝ հերոս է, ով՝ ոչ՝ «կողոպտիչ եւ զինվորի հաց գողացող»: Որտեղ բազում հաստափոր գրքեր են տպագրվել, բայց կես տող ճշմարտություն դեռ  չի ասվել: Որտեղ  թորշոմած ուսուցչուհին տափակ աքրոստիկոս է հեղինակում առ «լույսի բանալին ունեցողի»: Որտեղ արդարությունից խոսում են հացկատակ փաստաբանները:

Որտեղ պետության հաշվին Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիան ավարտածն ու ծառայության մեջ ձախողվածը, դատախազությունից կաշառակերության համար հեռացվածը, նախկին ոստիկանը, որ տասնյակ տարիներ կոռուպցիայի խորհրդանիշ է եղել, խոսում են օրինականությունից եւ ժողովրդավարությունից:

Որտեղ ժամանակին համագյուղացիներին ծեծող եւ խուլիգանության համար պաշտոնազուրկ արվածը քարոզում է միասնություն: Որտեղ նախագահի թեկնածուն «հեղափոխական» խմբակ է ֆինանսավորում, որ պահանջեն իրեն նախարար նշանակած եւ մեկուկես ամիս հետո լիազորություններն սպառող նախագահի հրաժարականը եւ իր մրցակցի ինքնաբացարկը: Որտեղ ծերացող անառակները բարոյականություն են քարոզում, եւ Ահեղ դատաստանի օրն այդպես էլ չի գալիս…»։

  • Կիսվել: