երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ոմանց իրապես դուր չի գալիս Արցախում սկսված հայության համախմբման գործընթացը․ Գագիկ Բաղունց

Ոմանց իրապես դուր չի գալիս Արցախում սկսված հայության համախմբման գործընթացը․ Գագիկ Բաղունց

Ես վաղուց արդեն դադարել եմ զարմանալ քաղաքականության որոշ կեղծավորների բարոյականության բացակայությունից, որոնք ջինգոիստական քողի տակ իշխանության են ձգտում:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։
 
««Դժբախտ քաղաքական գործիչները», Հայրենիքին մատուցած նվազագույն վաստակով պարծենալու պատճառ չունենալով, ամեն կերպ փորձում են նսեմացնել բոլոր նրանց, ովքեր զգալի, երբեմն էլ որոշիչ ներդրում են ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմում հայության հաղթանակի և ԼՂՀ կազմավորման գործում։
 
Հիմա էլ ոմանց իրապես դուր չի գալիս Արցախում սկսված հայության համախմբման գործընթացը։ Նրանց ինտելեկտուալ փորձերը առայժմ բավական են եղել միայն «Ազատ հայրենիք» և «Միասնական հայրենիք» կուսակցություններին մեղադրելու ՀՀ առաջին նախագահի նկատմամբ համակրանքի մեջ»,- ասել է Բաղունցը։ ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ցավոք, «շերլոկհոլմսյան» տրամաբանությունը բավական էր միայն այն բանի համար, որ, չբավարարվելով Արցախի նախագահի՝ Լևոն Տեր֊Պետրոսյանի հետ հանդիպման վերաբերյալ քննադատությամբ, նրանք Արցախի հանրային ռադիոյի մեկ ժամանոց հեռարձակումից (իր մասնակցությամբ) որպես հղում առանձնացրեցին Տեր֊Պետևոսյանի քառորդ դար առաջ հնչեցրած «լրջանալու» կոչը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Սակայն դա բավական էր, որ իրեն ՀՀ առաջին նախագահի «երկրպագուների» ցանկում գրանցելու համար։
 
«Ես կարող եմ իմ հակառակորդներին հերթական զրպարտության թեմա ներկայացնել. Բազմիցս մեջբերել եմ Վ. Լենինի «Սովորել, սովորել և սովորել» միտքը։ Հանգիստ կարող եք մեղադրել ինձ կոմունիստական գաղափարախոսություն քարոզելու մեջ։
 
Իսկ հիմա ավելի լուրջ․․․ Ղարաբաղյան 1-ին պատերազմում գունդ եմ ղեկավարել, 44-օրյա պատերազմում մի կողմ չեմ կանգնել։ Անհրաժեշտություն լինի, ես իմ ամբողջ ուժով կփորձեմ օգտակար լինել Հայրենիքին հաջորդ ռազմական դիմակայությունում, որը մենք հնարավոր ենք դարձնում մեր իսկ քայլերով։ Բայց ես չեմ ուզում մասնակցել ներքաղաքական կռիվներին։ Որովհետև ստոր և անբարոյական է հայրենիքի համար այս օրհասական ժամին, երբ միայն բոլոր առողջ ուժերի միասնությամբ է հնարավոր փրկել Հայրենիքը, ներքաշվել ամենատարբեր խարդավանքների ու ինտրիգների մեջ»,- ասել է Գագիկ Բաղունցը և ավելացրել, որ չգիտի, թե հաջորդ անգամ իրեն ինչ «նախասիրությունների» մեջ կմեղադրեն, բայց ցանկանում է մեջբերել չեխ հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկի «Ռեպորտաժ՝ օղակը վզին» գրքից հատված․ «Զգոն եղե'ք, մարդի'կ»։
 
Ընդհանրացնելով խոսքը՝ մեր զրուցակիցը հորդորեց հանրությանը թույլ չտալ, որպեսզի արտաքին թշնամիները երկրում կործանարար ներքին թշնամանք առաջացնեն։

  • Կիսվել: