շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ողբերգություն է, երբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, և խոսվում է արցախցիների էթնիկ զտման մասին․ Գրիգորյան

Ողբերգություն է, երբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, և խոսվում է արցախցիների էթնիկ զտման մասին․ Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղում արևմտամետ տրամադրություններ չկան։ Եվ, այդուհանդերձ, այնտեղ հակառուսաստանյան տրամադրություններ են ի հայտ եկել։ Այս մասին «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Լեռնային Ղարաբաղում արևմտամետ տրամադրություններ չկան։ Սորոս չկա։ ՆԱՏՕ-ի փոխարեն ՌԽԶ-ն է՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը։ Եվ, այդուհանդերձ, այնտեղ հակառուսաստանյան  տրամադրություններ են առաջացել։ Ինչ եք կարծում, ինչո՞ւ։ Հենց Ռուսաստանի պատճառով, ոչ Արևմուտքի։ Ռուսաստանն ինքն է ձևավորում իր հանդեպ վերաբերմունքը»,- ասել է նա։

Ըստ նրա, իրավիճակի «ողբերգականությունն» այն է, որ «ռուսաստանյան խաղաղպահները գտնվում են Ղարաբաղում, իսկ մարդիկ խոսում են էթնիկական զտումների մասին»։

«Նրանք հույս չունեն, որ իրենց կփրկեն։ Երկրորդ հնարավորությունը միջազգային հանրությունն է։ Հայաստանն արդեն վաղուց է առաջարկում միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Ղարաբաղ, առնվազն՝ դիտորդների»,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում նրանք Ղարաբաղում, հավանաբար նկատի ունենալով Ռուսաստանին։

«Տարբերակներից մեկը․ ուզում են օգնել Ալիևին Զանգեզուրի միջանցք բացել դեպի թուրքական կողմ։ Այս միջանցքով, պատժամիջոցները շրջանցելով, ադրբեջանականի անվան տակ կանցնի ռուսաստանյան գազը»,- ենթադրել է լրագրողը։

«Բայց դա արդեն տեղի է ունենում, գազն արդեն գնում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների շրջանակում։ Կարծում են բանն այդ չէ կամ, առնվազն ոչ միայն դա։ Ամեն դեպքում, Հայաստանը երբեք չի համաձայնի իր տարածքով արտատարածքային միջանցքին։ Մեզ համար դա կարմիր գիծ է»,- հայտարարել է Գրիգորյանը։ 

  • Կիսվել: