չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մի խումբ արցախցիներ ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր. նրանք սպասում են զորախմբի հրամանատարի պատասխանին

Մի խումբ արցախցիներ ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր. նրանք սպասում են զորախմբի հրամանատարի պատասխանին

ԼՂ մի խումբ քաղաքացիներ` Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները, ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր: Վերջիններս հանդիպում են պահանջում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ` հասկանալու համար, թե ավտոբուսներով ավտոերթի իրականացման ժամանակ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու` ապահովելու իրենց անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ԼՂ-ում օրեցօր իրավիճակը վատանում է, իսկ իրենք տեսնում են ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության անգործությունը: Նրանք նաև իրենց օգնությունն առաջարկեցին համատեղ ուժերով Լաչինի միջանցքում օրենքի կիրառումն ապահովելու հարցում:

ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին խնդրեց վաղը հարցերը գրավոր շարադրել, հանձնել իրեն:

«Մենք պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին: Դուք հարցերը կտաք ինձ, ես կփոխանցեմ հրամանատարությանը, երկուշաբթի կստանաք ձեր հարցերի պատասխանը»,- խոստացավ նա:

Տեսանյութերը` Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից:

  • Կիսվել: