չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ո՛չ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում մուտք գործել ԼՂ, այլևս ոչ մեկը չի կարող ձևացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է. Լուազո

Ո՛չ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում մուտք գործել ԼՂ, այլևս ոչ մեկը չի կարող ձևացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է. Լուազո

Հաագայի դատարանի վճիռը՝ կապված Լաչինի միջանցքը բացելու հետ, պետք է կատարվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գորիսի ճանապարհին ուղեւորվելով դեպի Լաչինի միջացնքի մուտքը՝ մենք ականատես եղանք ռուս խաղաղապահների, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանությունը եւ անձանց ու ապրանքների անցուդարձը՝ առնվազն Լաչինի միջանցքի մուտքի մոտ, ուստի տարակուսելի է, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում։

Ես շարունակում եմ զարմանալ, թե Ռուսաստանն ինչու չի կատարում իր պարտավորությունները։ Ռուսաստանը նույնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ, սակայն նման բան տեղի չի ունենում։ Զարմանալի է նաեւ արտահանվող գազի ծավալը, քանի որ այն գերազանցում է արտադրվող գազի ծավալին։ Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է, որ այդ մասին ասի հրապարակավ։

Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում էինք, Լեռնային Ղարաբաղ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով բարդանում է, ոչ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, եւ այլեւս ոչ մեկը չի կարող ձեւացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է, որովհետեւ ակնհայտ է ադրբեջանցիների անցակետի տեղայնացումը՛՛:

Լուազոն ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կառույցը կոչված է իր անդամներին պաշտպանելու ագրեսիայից, այնպես որ, նրա խոսքով, հարցեր է պետք ուղղել այդ կազմակերպության անդամներին։

՛՛Ես երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան, երբ հնարավոր էր, գնում էի Լեռնային Ղարաբաղ, պատասխանը պետք է որ հստակ լինի՝ Եվրոպան կարեւորու՞մ է խնդրի կարգավորումը, թե՞ ոչ։

Եվրոպական խորհրդարանը որոշմամբ հաստատել է հասցեական պատժամիջոցներ որոշ ադրբեջանցիների նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Պատժամիջոցների որոշման լիազորությունը, սակայն, խորհրդարանին չի պատկանում, խորհրդրանը կարող է ասել՝ ինչ է մտածում, բայց որոշում կայացնողը խորհրդարանը չէ։

Մեզ հետ զրուցած յուրաքանչյուր զրուցակից բարձր գնահատեց Եվրոպական առաքելությունը։ Մենք պատրաստ ենք նաեւ Ադրբեջան առաքելություն ուղարկել։ Մինչ այս պահն Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկությունը։ Իմ կարծիքով՝ արձանագրված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկա որեւէ ապացույց, որը կհաստատի պնդումը, թե Հայաստանի կողմից է բախումը տեղի ունենում, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանը խաղաղություն է ուզում՛՛:

  • Կիսվել: