ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցին պիտի ունենա առաջնորդ, որը ենթարկվում է այն ուխտերին, ինչն իր առջև դրել է. Նարեկ Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելայան Եկեղեցին պիտի ունենա առաջնորդ, որը ենթարկվում է և՛ այն ուխտերին, ինչն իր առջև դրել է, և՛ այն Աստվածաշնչին, ինչը պետք է առաջ տանի, և՛ ինքը պետք է լինի հավատացյալ: Վարչապետի գրառման մեջ կար նաև, որ մարդը պետք լինի գոնե Մեծ Պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, համաձայն որի՝ առաջարկում է ստեղծել համակարգող խումբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար:
Հարցին՝ հնարավո՞ր է վեհարանից կաթողիկոսին հանել ուժով, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ: Վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում, և ես հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի, որը կմասնակցի այդ պրոցեսին, եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել՝ բացի աղոթք անելուց,- ասաց նա և հավելեց.- Մեկ անգամ ասել եմ, ասում եմ և ասելու եմ՝ եկեղեցու ներսում ուժ կիրառելն անթույլատրելի է, եկեղեցու ներսում մարդը մտնելիս միայն հոգևոր հաղորդակցություն է ստանում, աղոթք է առաքում առ Աստված»:
Հարցին՝ եկեղեցու շրջափակումը բացառվո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց՝ չի կարող ասել, թե ինչ ընթացք կստանան գործողությունները: Իսկ հարցին՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի՝ պատգամավորի համար ընդունելի՞ է այս մեթոդով կաթողիկոսին հեռացնելը, պատգամավորը պատասխանեց. «Բոլոր սցենարներն են ընդունելի, որոնք կխթանեն Հայ Առաքելական Եկեղեցու և եկեղեցու հետևորդների կամքը»:
Հարցին՝ գիտի՞ պատգամավորը՝ կաթողիկոսն ունի՞ զավակ, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Հստակ բան գիտեմ, որ վարչապետի այդ հայտարարությունից հետո որևիցե ժխտում այդ մասով չեղավ: Բաց եթե չկար նման բան, կարող էին տարբեր մեթոդների դիմել, օրինակ՝ դիմեին դատարան: Եթե դրանից հետո տեսնենք՝ ինչ-որ բան սխալ ենք ասել, եթե ինչ-որ բան ավելի եմ ասել կամ պակաս, եթե դա պարզվեր, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրել:
Բայց հիմա ես, ըստ էրևույթին, արդեն իսկ համոզվում եմ, որ կա նման բան, որովհետև ընթացքը ցույց է տալիս, և ինձ համար սա շատ անընդունելի է, խայտառակություն է»: