ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նորվեգիայի հայերն աջակցում են ՀՀ-ին ու Արցախին (տեսանյութ)

Նորվեգիայի հայերն աջակցում են ՀՀ-ին ու Արցախին (տեսանյութ)

Նորվեգիայի հայկական համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում ընդդեմ
ադրբեջանական ագրեսիայի։ Հայկական համայնքի բողոքի ձայնն արտահայտվում է ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով, հայրենասիրական երաժշտությամբ։
 
Ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։
 
«Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել, որոնք եղել են 4 կետով, որոնցում ասում ենք, որ ցանկանում ենք՝ Նորվեգիայի կառավարությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ, պահանջի դադարեցնել բոլոր հարձակումները և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ։ Կանխի տարածաշրջանում սրումը և տարածաշրջանային լայնամասշտաբ բախումների վերաճումը», - ասաց Նորվեգիայի հայ եկեղեցական համայնքի ղեկավար Նարինե Հարությունյանը։
 
Ըստ Նարինեի՝ հայկական համայնքն ակնկալում է, որ Նորվեգիան կաջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և
Թուրքիայի նկատմամբ։
 
Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցիչները նաև աշխատում են տեղեկատվական դաշտում, փորձում տեղի լրատվամիջոցներին իրազեկել Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։
 
«Մեր գլխավոր լրատվականներից մեկը գրել էր, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ։ Եվ այստեղ մի պայքար սկսվեց ամբողջ հայերով։ Չանցած մի քանի րոպե՝ հոդվածը փոխվեց, և գրեցին, որ երկու կողմն էլ մեղադրում են միմյանց։ Այն ամենը, ինչ մենք ուղարկում ենք, պաշտոնական աղբյուրներից են»,- ասաց Նարինե Հարությունյանը։
 
Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցչի համոզմամբ՝ կշարունակեն բողոքի ակցիաներ
կազմակերպել, եթե պատերազմը շարունակվի։ Նրա խոսքով՝ բոլոր հայերի նպատակը մեկն է՝ պետք է
նորից Արցախը կառուցեն։
 

  • Կիսվել: