Արցախի Նոր Շենի դպրոցում ներդրվել է զանգի ավտոմատացման նախագիծը. հեղինակը 9-րդ դասարանի աշակերտուհի է
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱՀ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի Լեոնիդ Հուրունցի անվան միջնակարգ դպրոցում ներդրվել է դպրոցի զանգի ավտոմատացման նախագիծը: Հեղինակը դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նարե Դանիելյանն է: Նախագիծը կյանքի է կոչվել «ՕՍԸՄ» հիմնադրամի ֆինասավորմամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարեն ասաց, որ նախագծի գաղափարը առաջացել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում դպրոցում կազմակերպված դասընթացների ժամանակ:

«Մեր դպրոցում հաճախ էր լինում, երբ զանգը ժամանակից ուշ կամ շուտ էր հնչում, ինչի պատճառով դասերի ընթացքը խանգարվում էր: Ես հաճախում եմ նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, և որոշեցինք այնտեղ ստացած գիտելիքներով ստեղծել այնպիսի մի սարք, որով զանգը ավտոմատ կհնչի: Անհրաժեշտ սարքերը գնելուց հետո «Արմաթ» լաբորատորիայի խմբով ծրագրավորել ենք սարքավորումները, զանգը պատրաստել ու փորձարկել»,-պատմել է Ն. Դանիելյանը և հավելել, որ պատրաստ են իրենց գիտելիքներով ու փորձով օգնել հարևան գյուղերի դպրոցների աշակերտներին ստեղծել նմանատիպ ավտոմատացված զանգ:

«ՕՍԸՄ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արսեն Աբրահամյանն ասաց, որ իրենց կառույցն Արցախում գործում է 2018թվականից և միտված է համախմբելու Հայաստանի ու Արցախի երիտասարդներին, ովքեր, հավաքելով ֆինանսական միջոցներ, երկու ամիսը մեկ անգամ կարողանում են Արցախում տարբեր ծրագրեր ֆինանսավորել:


ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ աշխարհը գնում է դեպի ստեղծարարություն, և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախ գործուղված ուսուցիչ֊առաջնորդները նպաստում են, որպեսզի երեխաները մտնեն ստեղծարարության աշխարհ: