երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱՀ կառավարությանը քննարկում է աջակցության տրամադրման մեխանիզմները

Նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱՀ կառավարությանը քննարկում է աջակցության տրամադրման մեխանիզմները

Ինչպես աշխարհի բոլոր երկրների տնտեսությունները, նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, կրում են վնասներ, ակնհայտ է, որ, ունենալով փոքր և բաց տնտեսություն, Արցախը նույնպես կրում է արտաքին աշխարհից եկող վնասները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
 
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ներկայումս ԱՀ կառավարությունում ընթանում են քննարկումներ և առաջիկա օրերին կներկայացվեն կառավարության որոշումների նախագծերը, որոնցով կտրվի համապատասխան աջակցություն:
 
«Դրանք հիմնականում կիրականացվեն երեք ուղղություններով՝ սոցիալական բնույթի, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների և այլ տնտեսվարող սուբյեկտների համար: Գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ մշակվել են նախագծեր, որոնք կրում են հակաճգնաժամային բնույթ: ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության հետ մշակվում են հակաճգնաժամային ծրագրեր, որոնք մոտական օրերին ևս կներկայացվեն հանրությանը»- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:
 
Արցախի շուկայում որոշ ապրանքատեսակների նկատելի գնաճին անդրադառնալով՝ պետնախարարը նշել է, որ այն պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների բարձրացմամբ:
 
Պետնախարարը նշել է, որ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, ընդ որում Արցախի տնտեսվարող սուբյեկտների կողմից որևէ արհեստական գնաճ տեղի չի ունեցել:
 
«Ներկրվող ապրանքների գնաճի վրա ազդող գործոնները հիմնականում երկուսն են: Դրանք են փոխարժեքի որոշակի տատանման փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, և երկրորդ՝ բոլոր խոշոր շուկաներում պահանջարկի ու առաջարկի փոփոխությունները: Դրանով պայմանավորված՝ որոշակի ապրանքների վրա գնաճի տարբեր ցուցանիշներ են արձանագրվել: Օրինակ՝ ոսպի և բժշկական պարագաներից դիմակների ու ախտահանիչ միջոցների դեպքում գների աճ է արձանագրվել: Մնացած բոլոր ապրանքների վրա ոչ այդքան էական գնաճ է տեղի ունեցել: Կան նաև ապրանքներ, որոնց գները նվազել են: Մասնավորապես՝ մակառոնը, բենզինը, դիզվառելիքը, մսամթերքը: Ընդհանուր առմամբ, հսկողություն է իրականացվում, և ըստ առանձին ապրանքատեսակների, հսկվում է տեղական արտադրողների կողմից սպեկուլյատիվ երևույթների բացառումը»,- մանրամասնել է Գ. Մարտիրոսյանը:

  • Կիսվել: