ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներկա պահին հէկաշինական բոլոր աշխատանքները դադարեցված են. Արցախի կառավարության պարզաբանումը

Ներկա պահին հէկաշինական բոլոր աշխատանքները դադարեցված են. Արցախի կառավարության պարզաբանումը

Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, անհրաժեշտ է համարում իրազեկել հանրությանը՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Այս մասին ասված է ԱՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։

Այդ շրջանակներում է կառավարության կողմից սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից (համաձայնությամբ):

Կառավարությունը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության գործընկերներին՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետների հանձնաժողովի կազմում ներգրավելու խնդրանքով: Արդյունքում՝ երկուական մասնագետներ ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ևս երկու անկախ փորձագետներ, նախնական պայմանավորվածության համաձայն, այսօր կժամանեն Արցախ և նույնպես կընդգրկվեն հանձնաժողովի կազմում:

Կառավարությունն օրեր առաջ դիմել էր հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ առաջադրելու հարցով և սպասում է առաջարկների ներկայացմանը:

Ներկա պահին հէկաշինական բոլոր աշխատանքները դադարեցված են, և ինչպես հայտարարվել է ավելի վաղ, աշխատանքները չեն վերսկսվի մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը:

ԱՀ կառավարությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ալեքսանդր Քանանյանին և նրան միացած Մհեր Պողոսյանին դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին:

  • Կիսվել: