հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով. ԱՀ ԱԺ պատգամավոր

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով. ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանի համոզմամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 19-ի տեսաուղերձը՝ առանձնահատուկ էր, քանի որ արտաքին քաղաքական որոշ մեսիջներ էր պարունակում, որոնց մասին նախկինում չէր խոսվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱՀ ԱԺ պատգամավորը՝ նախագահի ուղերձը սպասված համարելով ինպչես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում և արտերկրում:

«Ե՛վ օգոստոսյան դեպքերը, և՛ մինչ այդ տեղի ունեցածը, տարբեր ընկալումներ էին ստեղծել: Բացի այդ, ներքաղաքական տարբեր նպատակներ հետապնդող տարբեր խմբերի կողմից ոչ ճշմարիտ կամ ոչ ճշգրիտ և պետականության դեմ ուղղված տարբեր ինֆորմացիանրի տարածման, ինչպես նաև Ադրբեջանի տեղեկատվական քարոզչության դեմ առնելու համար անհրաժեշտ էր մի այսպիսի ուղերձ: Դրանում խոսվել է նաև մի շարք ներքին խնդիրների մասին, որոնք Արցախում ավելի շատ ընկալելի են զգացմունքային դաշտում, և տրվել են հստակ պատասխաններ»,-ասել է Ա. Աղաբեկյանը՝ երկրի ղեկավարի ուղերձի կարևոր առանձնահատկություններից նշելով նաև պոպուլիզմի բացակայությունը. այն է՝ ցանկալիի փոխարեն իրականության մասին խոսելը:

«Ներկայացվեց իրականությունը, վերահաս և հնարավոր վտանգների գոյության մասին, որն առաջին հայացքից կարող է հակասական և իրարամերժ զգացողությունների տեղիք է տալ, բայց ուղերձը պետք է նաև սառը ցնցուղի էֆեկտը ունենար, որպեսզի ժողովուրդը գիտակցի, թե ինչպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած»,-ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ Նախագահի ուղերձը նաև իր անձի քննադատությամբ, սեփական հեղինակության հաշվին պետական շահը պաշտպանելուն ուղղված ևս մի քայլ էր:

Ըստ պատգամավորի՝ այս մոտեցումն առանցքային նշանակություն ունի և Արցախի, և ՀՀ իշխանությունների համար, քանի որ ներկայի մարտահրավերների պարագայում, ներքին քարոզչական նախկին թեզերը կարող են մեծ վնաս հասցնել արտաքին ճակատում:

«Ամենակարևոր տրվել են հարցերի պատասխաներ, որոնք օդում կախված էին կամ տարբեր խողովակներով տարածվել էին, օրինակ այն տեղեկություններին, թե իբր Արցախն առանձին հարաբերություններ է սկսել Ադրբեջանի հետ, որին որոշակի կոնտեքստներ էին տրվել: Դրանք տարվում էին այն ուղությամբ, որ իբր տեխնիկական հարաբերություններն Ադրբեջանի և մեզ համար ոչ դաշնակից պետությունների կողմից կարող են ներկայացվել որպես քարոզչական թեզ՝ առ այն, թե Ադրբեջանն իր ներքին հարցերն ինքնուրույն է կարողանում լուծել: Նման խոսակցություններին ուղիղ պատասխան տրվեց՝ որոշակի տեխնիկական, ենթակառուցվածքային խնդիրներ կան որոնք անհնար է հաշվի չառնել: Դրանով հանդերձ, սակայն, կան հստակ քաղաքական և իրավական ուղենիշներ, որոնք հանրայնորեն ուրվագծված են: Արցախը հայկական պահելու պայմանը ժողովրդագրությունն ապահովելն է, ինչի համար որոշակի տեխնիկական հարաբերություներ ունենալն անհրաժեշտություն և կարիք է: Այդ մասին Արցախի Հանրապետության իշխանությունը ոչինչ ցանկություն չունի թաքցնելու իր ժողովրդից և ոչ էլ այլ քաղաքական ուժերի կողմից պիտի այլ, սխալ կոնտեքստում ներկայացվելու հնարավորություն տրվի, որովհետև ժողովուրդը հիմա գտնվում է զգացմունքային վիճակում և ցանկացած բացասական տեղեկություն մեծ արձագանք է ստանում»,-եզրափակեց Ա. Աղաբեկյանը:

  • Կիսվել: