շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ԼՂ-ի դեմ

ՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ԼՂ-ի դեմ

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտում են ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ:

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խումբի հայտարարության մեջ ասված է.

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերի շարժը դեպի արցախյան հողեր և հարձակողական ռազմական գործողությունները հատկապես Փառուխի և Խրամորթի շրջաններ չարդարացված են և ռազմատենչ: Տեղի խաղաղ բնակչությանն ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։
 
Ադրբեջանական ուժերը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության, պետք է հետ քաշվեն իրենց սկզբնական դիրքերը՝ թույլ տալով վերականգնել գազմատակարարումը և մուտքը դեպի գազատարը:
 
Սա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, և, ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարությունը, փորձելով օգտվել Ուկրաինայի հակամարտությունից առաջացած անկայուն իրավիճակից, փորձում է վերադառնալ իր տարածքային անհիմն պահանջները՝ անկախ նախկին հանձնառություններից։
 
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետամուտ լինել այս խնդրի խաղաղ կարգավորմանը դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով: Մինչ այդ, մենք Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին՝ դատապարտելու ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական ​​բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»:

  • Կիսվել: