հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մնացականյանը՝ մյունխենյան ձևաչափի մասին

Մնացականյանը՝ մյունխենյան ձևաչափի մասին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան բաց դեբատների մասին:

Նա դրական համարեց այն երևույթը, որ կողմերը կարող են միասին նստել և ղեկավարների մակարդակով զրույցի ժամանակ պարզ քննարկել տարբեր հարցեր։ Նախարարը սա կարևորեց հատկապես խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման տեսանկյունից։

«Գիտեք, որ անցյալ տարի մենք ունեցել ենք որոշակի համեստ արդյունք՝ լրագրողների փոխանակման ծրագիրը: Այդ համեստ արդյունքը մեզ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ մենք կարող ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և նաև յուրաքանչյուր հատված, սեգմենտ կարող է ունենալ իր դերակատարությունը այդ ամենում»,-նշեց Մնացականյանը:

Նա նաև լավ օրինակ համարեց այն, որ ղեկավարները, իր խոսքով, միասին բաց ձևաչափով կարող են առնչվել միմյանց հետ, սակայն այստեղ, ըստ նախարարի, կա որոշ ակի մտահոգիչ խնդիր:

«Այն վերաբերում է, միգուցե, մեր հասարակության համակարգերի տարբերությանը, որովհետև այն մեկնաբանությունները, որ ես տեսա ադրբեջանական մամուլում կամ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից, քարոզչական, այսպես ասած, ծայրահեղ մակարդակի են հասցված և որոնք հիշեցնում էին մոդելներ, որոնք բնավ ժողովրդավարական կամ ազատ քննարկման համակարգի բացակայության արտահայտություն են»,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ նման մեկնաբանություններն օգտակար չեն և անընդունելի են: Մնացականյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ ունենք շատ ավելի բաց քննարկում և բաց քննարկման մեջ միասին կարող ենք գնահատել այս կամ այն իրադարձությունը, զարգացումը։ Այստեղ, միգուցե համակարգերի տարբերություն կա, որը նույնպես պետք է հաշվի առնենք»։

  • Կիսվել: