շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մի սխրանքի պատմություն. երևակայություն, փաստեր և իրականություն (տեսանյութ)

Մի սխրանքի պատմություն. երևակայություն, փաստեր և իրականություն (տեսանյութ)

...Ասում են, երբեք այդքան չեն ստում, որքան որսի ժամանակ և պատերազմից հետո: Արցախյան վերջին պատերազմը այս առումով բացառություն չէ: Թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով հանրությանը հրամցվում էին եւ հրամցվում են իրականության հետ որևէ աղերս չունեցող, որոշ դեպքերում նույնիսկ առասպելական և ֆանտազիայի ժանրից բխող տարատեսակ լուրեր ու պատմություններ: Դե հանրություն էլ, մոլորվելով լրատվության այդ հորձանուտում, իր եզրահանգումներն է անում լսածից ու կարդացածից:

Պատերազմի դրվագներից մեկի մասով իրականության և երևակայության խառնիճաղանջ մի թնջուկ էլ հանրությանը ներկայացվեց օրերս: Խոսքը գնում է սիրիացի ահաբեկչին գերեվարելու հայտնի դրվագի մասին: Այդ օպերացիային մասնակցած զինվորականներից մեկը` Արման Ղարիբյանը իր հարցազրույցում պնդել էր, որ սիրիացի ահաբեկչին գերեվարել են ինքը և իր ընկեր Գարիկը, որը մահացել է պատերազմի ժամանակ:

Արմանի պնդմամբ` սակայն ոչ իր, ոչ Գարիկի սխրանքը ոչ մի կերպ չի գնահատվել, նրանք անտեսված են մնացել, մինչդեռ պետական պարգևների արժանացել են, այդ հերոսական դրվագի հետ կապ չունեցող այլ անձիք: Այս պատմությունը, անշուշտ չէր կարող անտարբեր թողնել մեր խմբագրությանը և մենք փորձեցինք հետամուտ լինել իրականության վերհանմանը և արդարության վերականգնմանը:

InfoPort.am-ը փորձեց նորից կապ հաստատել Արման Ղարիբյանի հետ, հասկանալու` թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ինչով կարող ենք օգնել նրան իր իրավունքները վերականգնելու հարցում: Սակայն լսափողը վերցրեց Արմանի կինը` Ռոքսաննան, ասաց, որ Արմանը չի կարող խոսել, քանզի նոր է վիրահատվել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Միևնույն ժամանակ` լսելով, թե ինչի մասին է խոսքը, Ռոքսաննան ինքը պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին: Եվ որքան մեծ էր մեր զարմանքը, երբ Ռոքսաննայի շուրթերից լսեցինք ողջ եղելությունը: Պարզվում է, որ ամուսինը հարցազրույց տալու պահին, եղել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ և չի էլ գիտակցել, ինչ է խոսում, հետագայում, լսելով իր իսկ հարցազրույցը անակնկալի է եկել:

Ռոքսաննան ասաց, որ իր ամուսինը ոչ միայն խրախուսվել է իր ծառայության և գործած սխրանքների համար, այլև գտնվում է պետության մշտական հոգածության և ուշադրության կենտրոնում.

«Ես փաստում եմ, և ուզում եմ, որ բոլորը իմանան դրա մասին, որ իմ ամուսինը իր գործած սխրանքների համար պարգևատրվել է և «Մարտական խաչ» մեդալով, և պատվոգրով, և տարատեսակ սոցիալական աջակցություն է ստացել թե անձամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, թե պետությունից, և թե իր մարտական ընկերների կողմից ի դեմս ջոկատի հրամանատար Ալեքսեյ Բալայանի»:

Ի դեպ, ինչ վերաբերվում է Ալեքսեյին, որը նոյեմբերի մեկին, մի քանի ծառայակիցների հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ձեռամբ պարգևատրվեց «Մարտական Խաչ» մեդալով` ահաբեկչին գերևարելու սխրանքի համար:

Արմանը իր հարցազրույցում նշել էր, որ Ալեքսեյը այդ դրվագի հետ այնքան էլ առնչություն չուներ, նա վերջում ուղղակի գերուն ուղեկցել է հավաքակայան: Այս առիթով խոսեցինք Ալեքսեի հետ նույնպես, ով ավելի մանրամասն ներկայացրեց այդ հերոսական դրվագը և ի ապացույց իր խոսքերի մեր խմբագրությանը տրամադրեց նաև համապատասխան տեսանյութ: Նա մեզ պատմեց, որ իրականում սիրիացի ահաբեկչի գերեվարման օպերացիային մասնակցել են ողջ ջոկատով` 30-40 հոգի և բոլորն էլ այս կամ այն չափով անմասն չեն այդ հերոսական դրվագից և կարող են հավաստել եղածը: Իսկ ահաբեկչին առաջինը հասել է Արմեն Բաղունցը, ապա նրան օգնության է եկել ջոկատի անդամ Հարություն Խաչատրյանը, ապա Գարիկ Գալստյանը, ում մասին հիշատակում է Արման Ղարիբյանը իր հարցազրույցում, հետո Հոռաթաղի գյուղապետ Արթուր Մնացականյանը և ինքը` Բալայանը: Ապա, ինչպես պատմեց, Ալեքսեյը, ճանապարհի կեսին, գերուն տեղափոխելու ժամանակ, նա հրահանգել է Արման Ղարիբյանին միանալ իրենց և օգնել տեղափոխման հարցում.

«Ասածս կարող են վկայել ջոկատի բոլոր անդամները»:

Հետագայում օպերացիային անմիջական մասնակցություն ունեցած բոլոր վեց զինվորականներ էլ արժանացել են «Մարտական խաչ» մեդալներին` ուղղակի նրանցից երեքին պարգևները հանձնել է անձամբ ԱՀ նախագահը, մյուսները դրանք ստացել են հետո, բայց հրամանագրերը բոլորը մակագրված են նոյեմբերի մեկի ամսաթվով: Բայց Ալեքսեյին Արմանի ասածների մեջ այնքան էլ այդ դրվագը չէր, որ մտահոգում էր: Նրան այնքան էլ չէր մտահոգում, որ իր սխրանքը փորձ է արվել ստվերել: Նա Արմանի պատմածի մեկ այլ դրվագից էր մտահոգված. վերջինս նշել էր, թե իբր նոյեմբերի մեկին իրենց ջոկատին նահանջի հրաման է տրվել` ասելով, թե Շուշին հանձնված է, և իրենք պետք է լքեն դիրքերը:

«Ախր հենց նման անհիմն պնդումներն են, որ մարդկանց մոտ թյուր կարծիք են ստեղծում պատերազմի, նրա ընթացքի, տարբեր դրվագների, տարբեր մարդկանց արած-չարածների մասին: Մարդիկ էլ առանց ճշտելու հավատում են, եզրահանգումներ անում, արդյունքում կորսվում է ճշմարտությունը: Իրականում ոչ մեկը մեզ նահանջի հրաման չի տվել` ես դա ասում եմ, որպես ջոկատի հրամանատար, ինձանից լավ այդ մասին ոչ մեկը չէր կարող իմանալ: Իրականում նոյեմբերի մեկին տեղի է ունեցել հերթափոխ` մենք գնացել ենք Մարտունի, մեր փոխարեն Կարմիր Շուկա-Շեխեր դիրքը մեկ այլ ջոկատ է ուղարկվել: Ախր նույնիսկ պարզ տրամաբանությունն է հուշում, որ այդ դիրքը չէր թողնվել և նահանջի հրաման չէր եղել: Եթե այդպես լիներ, բա հայկական կողմը մինչև նոյեմբերի 9-ը այդ դիրքը ինչպես էր պահպանելու: Ի վերջո, Կարմիր Շուկան հիմա էլ մեր վերահսկողության տակ է»,- իր պատմությունը եզրափակեց Ալեքսեյը:

Եվ սա ընդամենը մեկ դրվագ է պատերազմական առասպելապատումներիկց և իրականությունից: Իսկ ինչքան նման դրվագներ կան, որ իրականում ալեկոծում են մեր հանրությանը, բայց ուսումնասիրելու և հետաքննելու դեպքում բոլորովին այլ իրականություն է պարզվում:

  • Կիսվել: