շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Մեր ժողովրդի կամքն ու կամարտահայտությունը մնում են անփոփոխ».Դավիթ Բաբայան

«Մեր ժողովրդի կամքն ու կամարտահայտությունը մնում են անփոփոխ».Դավիթ Բաբայան

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, 1991 թվականին Արցախում Անկախության հանրաքվեի անցկացման և 2006 թվականին ընդունված Սահմանադրության օրվա կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Զինվորական պանթեոնում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ դեկտեմբերի 10-ին Արցախը վերահաստատեց իր ժողովրդի` 1991 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը՝ ստեղծել Արցախի Հանրապետություն, անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական երկիր:

«Այդ օրը մենք միջազգային ասպարեզում ստացանք, այսպես ասած, մեր անձնագիրը, և ձևավորվեց մեր երկիրը: Բացի դրանից, դեկտեմբերի 10-ը եռատոն կարելի է համարել: 2006 թվականի այս օրը ընդունվեց մեր սահմանադրությունը, ինչը նույնպես հայտ է եղել, համաժողովրդական հանրաքվե, այսինքն ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատել է 1991թ. որոշումը, և ժողովրդի կամքն ու կամարտահայտությունը մնում են անփոփոխ, հետևաբար` սա շատ կարևոր է, հատկապես` այսօր: Մենք երբեք չպետք է մեր ոգին ու հաստատակամությունը փոխենք»,- նշել է Դ. Բաբայանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ստեփանակերտի Զինվորական պանթեոնը դարձել է փառքի, ցավի ու հպարտության վայր, այն բոլոր տարիների մեր զարգացման, տառապանքների, ծանր հարվածների ու հաղթանակների խորհուրդն է:

«Սահմանադրությամբ մենք պահանջատեր ենք Ադրբեջանի կողմից օկուպացված մեր տարածքներին, և իրավունք չունենք հրաժարվել այդ ամենից: Դա արդեն մարդկային ու ազգային արժանապատվության խնդիր է: Բոլոր այն տարածքները, որտեղ հռչակվել, ձևավորվել, զարգացել և զորացել է Արցախի Հանրապետությունը, մեր երկրի անքակտելի մասն են` և Քարվաճառը, և Հադրութը, և Շուշին, և Միջնավանը, և մյուս բոլոր օկուպացված տարածքները: Դրանք մեր պատմական և պետական տարածքներն են»,- ընդգծել է Արտաքին գործերի նախարարը:

  • Կիսվել: