հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները. Արթուր Թովմասյան

Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել:

 Խորհրդարանի ղեկավարի ուղերձում ասված է.

«Սիրելի´ հայրենակիցներ Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր տոնացույցի ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից:

Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի ներդրում ունեցավ արցախահայությունը:

Հայրերի ու պապերի սխրանքով դաստիարակված մերօրյա հերոսները խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հանուն արդարության, ազատության և մարդասիրության՝ պայքարելով հայատյացության, բռնության ու բարբարոսության դեմ:

Եռատոնի խորհուրդն ամբողջացավ Հայոց բանակի ծննդով, որի հերոս մարտիկներն արյամբ կերտեցին բազում հաղթանակներ: Փառք ու պատիվ հանուն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին: Խունկ ու խոնարհում նրանց վառ հիշատակին:

Սիրելի´ արցախցիներ

Ճիշտ է, այսօր հուսահատ ու ապագայի հանդեպ անորոշ տրամադրությամբ ենք դիմավորում եռատոնը, բայց համոզված եմ՝ այն միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և հաղթանակների վերածննդի ուղենիշ: Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել։

Սրընթաց գործող ադրբեջանական քարոզչամեքենան այսօր Արցախը պահում է լիակատար շրջափակման պայմաններում՝ պարտադրելով խաղի իր կանոնները:

Սակայն մեր ոգին վճռական է, կամքը՝ անկոտրում:

Թող Բարձրյալի կամոք փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում»:

  • Կիսվել: