Մեր գործն արդար է, և յուրաքանչյուր պետության սրբազան պարտքն է պաշտպանել իր Հայրենիքը․ Պարգև Սրբազան
Գիտեք, որ երեկ Ամենափրկիչ եկեղեցուն վերևից խոցեցին և վնասեցին, երբ որ Ռուսաստանից երեք թղթակիցներ գտնվում էին այնտեղ։ Անօդաչուն խփեց խաչաձև պատուհանի հենց մեջտեղով։ Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել։ Միջազգային տերրորի ձեռագիր է սա, և մենք դա շատ լավ հասկանում ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Այո, մեր դեմ շատ ուժեղ են պայքարում։ Այո, ուժերն անհավասար են, բայց մենք կատաղի դիմադրում ենք։ Մեր գործն արդար է, և յուրաքանչյուր պետության սրբազան պարտքն է պաշտպանել իր Հայրենիքը։ Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։ Մեզ պետք են ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի։ Այս ամենը ունեն մեր զինվորները»,- ասաց նա։
Սրբազանի պնդմամբ մեր 18-20 տարեկան տղաներն իրոք հերոսների հերոս են․ «Հիանալ կարելի է նրանցով: Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հզոր հերոս տղաներ են դաստիարակել մեր հայրենիքի համար»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ աղոթում է առ Աստված, որ մեր բոլոր զոհվածների հոգին լուսավորվի, «Աղոթում եմ, որ Աստված օրհնի մեր բանակը, մեր հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը, իր սուրբ աջի խաչի տակ պահի անսասան ու պարգևի մեզ խաղաղություն ու հաղթանակ, ինչին հավատում եմ ու վստահ:
Զինադադարը լինելու է»,-հավելեց նա: