երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մարտակերտում տեղի է ունեցել դասախոսություն-միջոցառում ազգային ուտեստների վերաբերյալ

Մարտակերտում տեղի է ունեցել դասախոսություն-միջոցառում ազգային ուտեստների վերաբերյալ

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում նախօրեին կազմակերպվել է «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի աշխատակցուհի Գոհար Չոբանյանն ասել է, որ դասախոսության նպատակն ազգային խոհանոցի առանձնահատկությունների ու պատմության վերաբերյալ դպրոցականներին գիտելիքներ հաղորդելն էր:

«Մեր խնդիրն ինքնության, ավանդույթների, հարուստ ժառանգության պահպանմանը նպաստելն է և ազգային արժեքներին հավատարիմ մնալու կարևորության գիտակցման սերմանումը։ Թեմայի շրջանակներում խոսվեց հին ժամանակներում հայ ընտանիքների ապրելակերպի մասին, թե ինչպես էին գյուղացիները ամեն ինչ ստեղծում, արարում։ Ներկայացվեցին ազգային խոհանոցի մաս կազմող ժենգյալով հացի, լավաշի, խաշիլի, ածիկի, կճեխաշի և այլ ուտեստների պատմությունն ու դրանց հետ կապված սովորույթները»,-մանրամասնել է Գ. Չոբանյանը՝ կարևորելով նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը, ինչը, նրա համոզմամբ, կնպաստի ազգային ուտեստների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածությոան բարձրացմանը:

Нет описания.

«Այսպիսի միջոցառումները հայ մնալու պայքարի ձևերից են: Պետք է հավատարիմ մնանք մեր արմատներին, ավանդույթներին՝ թույլ չտալով թշնամուն աղավաղել մեր ազգայինը»,-ընդգծել է թանգարանի աշխատակցուհին։

Դասախոսությանը ներկա էին Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան համար 1 դպրոցի աշակերտներ, ինչպես նաև քաղաքի բնակիչներ և տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: