ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր. ԵԱՀԿ նախագահը կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունը ԼՂ հայերին

Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր. ԵԱՀԿ նախագահը կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունը ԼՂ հայերին

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 Լեռնային Ղարաբաղի հայերին։ Օսմանիի հայտարարությունը տարածել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը։

«Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր, և միջազգային դոնորները պետք է շարունակեն ակտիվորեն համերաշխություն ցուցաբերել և կիսել պատասխանատվությունը Հայաստանին օգնելու համար, քանի որ ՀՀ կառավարությունն արձագանքում է ծավալվող այս հումանիտար ճգնաժամին:

ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության հետագա մասնակցությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին:

Տեղում միջազգային մասնակցության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ»,- նշված է հայտարարության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները հայ բնակչության ինտեգրման և տեղահանված բնակչության վերադարձի հեռանկարների վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն Ադրբեջանի պատասխանատվությունն է:

Վեճերի կարգավորման համար դիվանագիտական բանակցությունների փոխարեն ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու հեռանկարներին:

Գործող նախագահ Օսմանին աջակցում է քաղաքական գործընթացների շարունակմանը, որոնք ուղղված են երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:

ԵԱՀԿ-ն և նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում ՝ տարածաշրջանում արդար, տևական, արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու՝ կազմակերպության արժեքներին և պարտավորություններին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: