հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի կտրուկ աճին. ԱՀԿ

ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի կտրուկ աճին. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԼՂ-ում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։

ԱՀԿ հաղորդագրությունում նշվում է, որ ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա, և որ բռնության շարունակվող ցիկլերն ու դրան հաջորդած տեղաշարժերը էլ ավելի կխորացնեն առողջապահության ոլորտում վտանգավոր իրավիճակին:

Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանումների, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:

«ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:

COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է առողջապահական աշխատողներին պաշտպանել բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը այս համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,- նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 70 836 է։ Ապաքինվել է 568 մարդ, շարունակում է բուժվել 17 869-ը: Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 49 787 մարդ։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 1131 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 327-ի։

  • Կիսվել: