կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ-ից Հայաստան՝ փրկության հույս, կարոտի ճիչ. բռնի տեղահանված ընտանիքը 3 ծնողազուրկ երեխա է մեծացնում

ԼՂ-ից Հայաստան՝ փրկության հույս, կարոտի ճիչ. բռնի տեղահանված ընտանիքը 3 ծնողազուրկ երեխա է մեծացնում

«Անունս Սուսաննա ա, բայց խորթ անունս Լաուրա ա, Լաուրա են ասում: Ես լյավըմ, մատաղ ըլնիմ, լյավըմ, տյուք հունց եք»,- «Արմենպրես»-ի լրագրողական խմբին դիմավորելով Հրազդանի իրենց կացարանի դռների մոտ՝ ներկայանում ու իրեն ուղղված մեր՝ «ո՞նց եք» հարցին պատասխանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժպտադեմ 82-ամյա տատիկը՝ Լաուրա Գաբրիելյանը։

Գաբրիելյանները Ստեփանակերտից 78 կմ հեռավորության վրա գտնվող Ճարտար քաղաքից են։ Տիկին Լաուրան կսկիծով պատմում է՝ թողել ու դուրս է եկել այն քաղաքից, որտեղ ծնվել, ամուսնացել, տուն ու տեղ է դրել, 5 զավակ ունեցել.

«Տներ, բախչա, բոստան ունիմ, ծառուտ ունիմ, կառալյոկը հինա տափերը նստած, ճղները կոտրատել ա՝ միչա վերա կալել․․․ Տեհենց թողալ ենք ու եկալ․․․ Ով ոնց կարեցալա, տյուս ա եկալ, մինն ավտոբուսովը, մինը՝ մաշինովը»։

«Ես սեպտեմբերի 30-ին եմ դուրս եկել մեր քաղաքից, Մարդկանց մեծ մասը 2 օր առաջ էր դուրս եկել, ավտոբուսներով հանել էին»,- մոր խոսքը շարունակում է որդին՝ Կարեն Գաբրիելյանը։

Գաբրիելյաններն այժմ հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանում: Ընտանիքը 5 հոգուց է բաղկացած․ 82-ամյա Լաուրան, 51-ամյա Կարենը և տիկին Լաուրայի 17, 15 ու 13 տարեկան թոռնիկները, որոնց մանկուց պահել ու մեծացրել են տատիկն ու հորեղբայրը. երեխաների մայրը մահացել է 12 տարի առաջ, հայրը՝ 2018 թվականի օգոստոսին։ Մոր խոսքով՝ արցախյան բազմաթիվ պատերազմները հետք թողեցին ու պատճառ դարձան որդու առողջական վիճակի վատթարացման՝ հանգեցնելով մահվան:

2023.10.11_16.19.57.97.JPG (1.68 MB)

«3 խոխա են, մենք ենք պահալ-մեծացրալ, համ տղասա մահացել, համ հարսս։ Կուճուրը տարի ու կեսական ա էլալ, որ մերը մահացել ա, երբ 8 տարեկան էր՝ հերը մահացավ։ Աղջիկ ա, ինձ շատ ա օգնում»,- հուզմունքով պատմեց 82-ամյա կինը, ով տուն ու տեղից զատ հայրենի Ճարտարում է թողել նաև ամուսնու, որդու ու հարսի շիրիմները:

Ի պատասխան հարցին, թե Լեռնային Ղարաբաղում իր ունեցվածքից ինչ է կարողացել իր հետ բերել, 51-ամյա տղամարդը ցույց է տալիս հագի սպորտային համազգեստն ու ասում. «Սա, ուրիշ ոչ մի բան»:

Հայրենի քաղաք վերադառնալու ու ադրբեջանցու հետ կողք-կողքի ապրելու հնարավորություն տիկին Լաուրան չի տեսնում։ Նկատում է՝ թշնամին ձեռագիրը չի փոխել, անգամ գաղթի ճանապարհին նույն ձեռագրով է ներկայացել․

«Էհհհ, ինչ գնալ, շատ տիժեր (խմբ. դժվար) պեն ա իլալ, թուրքերը ավտոբուս նի տյառան (խմբ.- լցվեցին) հայերը կտողտղային (խմբ. դողդողում էին), մինի պոռտման էին վեր ունում, մինի ձեռից՝ ոսկի ու գումար, ասում էին՝ ձեն հանեք, կոկորդներդ կկտրեմ։ Թուրքի դրոշը մեր Ճարտարում մեհենգի (խմբ.՝ հիմա) դրածա․․․ Պատկերացրու, սաղ Ղարաբաղ թուրքերը նստին… շատ տիժեր պեն ա»…

«Ցավոք, թշնամու ախորժակը բացվել ա, հիմա էլ Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներ ունի»,- կրկին մոր խոսքը շարունակում է 51-ամյա տղամարդն ու մի պահ մտքերի մեջ ընկնում, լռում, հայացքը հառում հատակին:

Շա՞տ կորուստներ եք ունեցել՝ զգալով նրա մտազբաղ վիճակը՝ հարցնում ենք մենք:

«Շատ, շատ ընկերներ եմ կորցրել բոլոր տարիների պատերազմների ժամանակ։ Վերջին՝ մեկօրյա պատերազմին էլ 24 հոգի մեր քաղաքից զոհվեց: Եղբորս աներձագը՝ 20 տարեկան, էտքան կռվավ, վերջում բենզինի պահեստի պայթյունից մեռավ… Որ կողմ նայում ես՝ սուգ ա, վիշտ. մեր գյուղից մի մարդ գիշերը տղուն թաղել ա, առավոտը դուրս ա եկել։ Չէր ուզում գար, ասում էր՝ գնում եմ՝ ի՞նչ անեմ, թող սպանեն: Անդառնալի կորստի հետ չէր հաշտվում, մի կերպ համոզեցինք ու ավտոբուս նստեցրինք: Էտ մարդը ժամեր առաջ էրեխայա հողի մեջ դրել ու հիմա էտ հողն էլ իրենը չի, էտ գերեզմանն իրենը չի»,- ցավով նկատում է Կարենը:

Տիկին Լաուրան տուն ու հայրենիք կորցնելու հետ չի հաշտվում: Ասում է՝ անընդհատ էլ փախեփախի մեջ է եղել, բայց երբեք չի մտածել, որ մի օր ստիպված է լինելու անվերադարձ լքել իր տունը: Ժամերի ընթացքում պարտադրված որոշումը նրա համար պատերազմից էլ սարսափելի էր:

«2020-ի պատերազմի ժամանակ էլ եմ եկալ, մի ամիս կացալ եմ ստեղ։ Տուն ու տեղ թողած՝ ուրուշի տանն ինչքա՞ն ապրես։ 90-ականների կռիվն էլ եմ տեսալ, 2 խոխաս՝ մինը սա (խմբ.՝ ցույց է տալիս կողքին նստած Կարենին), մինը էն մահացածը՝ 90-ականներին վիրավորվալ են։ Առաջինը մեծ տղեսա Վաղուհասում վիրավորվել՝ սրտի կողմից։ Իսկ էսի որ վիրավորվել էր, համարյա հույս չկար, որ կապրի։ Լրիվ մարմինն ասկոլկայա»,- նշեց մայրը:

Մինչ վերելակը կգա՝ տան դռան արանքում կանգնած 82-ամյա կնոջն իմիջիայլոց, զրույցի թելը չկտրելու համար, հարցնում ենք՝ ի՞նչ ցանկություններ ունեք: Պատերազմից ու սպանդից մազապուրծ եղած Լաուրա Գաբրիելյանը մտածկոտ հայացքն ուղղում է մեզ ու պատասխանում.

«Խոխեք ջան, oզըմ ըմ խաղաղություն իլի, մեղք են էս հայերը, խրեգ են (խմբ.՝ քիչ են), աշխարհիս երեսին ամենաքիչն էս հայերեն են, ու օզըմ ըն հային վերացնեն։ Աստված տա, մեր հայերն ուժեղ ինին, խելացի, միահամուռ։ Աստված քոմակ ինի հայերին։ Մեղք են էն խոխեքը, լոխ քյացին»…

  • Կիսվել: