շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության կայուն պայմաններով ապահովելը ՀՀ կառավարության առաջնահերթ անելիքների թվում է

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության կայուն պայմաններով ապահովելը ՀՀ կառավարության առաջնահերթ անելիքների թվում է

Առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վարկային պարտավորությունների չափը կազմում է 28 մլրդ դրամ, իրավաբանական անձանց պարտավորությունների չափը՝ մոտ 43 մլրդ դրամ։

Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։

Նշենք, որ գրավոր հարցում էինք ուղարկել փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մասին՝ հաշվի առնելով, որ Արցախից բռնի տեղահանվածներ քաղաքացիները տարբեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ունեին հիփոթեքային, սպառողական, բիզնես վարկեր։ Միաժամանակ փորձել էինք պարզել, թե արդյոք քննարկվում է այդ քաղաքացիների վարկային պարտավորությունները ներելու կամ դրանք փոխհատուցելու հարցը։

Սակայն Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնում են, թե այդ հարցն իրենց օրակարգում չկա՝ «կառավարության իրավասության շրջանակից դուրս է»։

«ԼՂ-ում առևտրային բանկերի հանդեպ ունեցած վարկային պարտավորություններին առնչվող հարցերի պարզաբանումը գտնվում է առևտրային բանկերի իրավասության տիրույթում, որոնց հանդեպ սռկա են այդպիսի պարտավորություններ։ Հետևաբար, հարցի վերաբերյալ որոշումները դուրս են ՀՀ կառավարության իրավասության շրջանակից։

Այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն իրականացնում է տնտեսության մասնավոր հատվածում գործող իրավաբանական անձանց աջակցության տարբեր ծրագրեր, որոնք նախատեսում է ընդլայնել՝ ԼՂ բռնի տեղահանված ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցների մատչելիությունն ավելացնելու ուղղությամբ։ Այդպիսի ծրագրերի վերաբերյալ տեղեկությունները կմանրամսնվեն դրանց վերաբերյալ որոշումները վերջնականացնելուն զուգընթաց»,- հայտնել է Ադիլխանյանը։

Արցախցիների տեղահանության արդյունքում նաև բազմաթիվ տնտեսվարողներ, այդ թվում ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք նյութական մեծ վնասներ են կրել։ «Փաստինֆո»-ն փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էր, թե հաշվառվել են արդյոք ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց կրած նյութական վնասները, և ՀՀ կառավարությունը ինչ կառուցակարգեր ու մեխանիզմներ է մտադիր ներդնել նրանց փոխհատուցելու համար։ Կառավարությունից մեզ պատասխանել էին, որ ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց կրած նյութական վնասների չափի հաշվարկ առկա չէ։

Փոխարենը վստահեցնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության կայուն պայմաններով ապահովելը, այդ թվում՝ բնակարաններրի կառուցման կամ ձեռքբերման եղանակով, ՀՀ կառավարության առաջնահերթ անելիքների թվում է։ Ի պատասխան մեր հարցի, թե կառավարոթյունը մտադի՞ր է աջակցել այն արցախցիներին, ովքեր Հայաստանում բնակարան ձեռք բերելու, կառուցելու, կամ նոր բիզնես սկսելու ցանկություն կունենան՝ ստացված պատասխանում նշվում է, որ նշված ուղղությամբ արդյունավետ աջակցության գործիքակազմի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Նախատեսում ենք առաջիկա 1-2 ամիսների ընթացքում մշակել այդպիսի աջակցության հիմնական շրջանակը և դրա վերաբերյալ ներկայացնել համապատասխան պարզաբանումներ»։

  • Կիսվել: