շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով

Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրամիության հովանու ներքո ստորագրեցին փաստաթուղթ, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, դա նշանակում է, որ Ղարաբաղը պարզապես Ադրբեջան է: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Ի դեպ՝ նրանք, ստորագրելով այդ փաստաթուղթը Եվրամիության հովանու ներքո, մոռացել են այնտեղ գրել, որ, իհարկե, պետք է ապահովել ղարաբաղցիների՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքները»,-նշեց նա։
 
Ըստ Լավրովի՝ երբ հայ հասարակության մեջ քննարկումներ են եղել, թե ով ում է տվել, եւ ով ում չի տվել Ղարաբաղը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «չի ամաչել հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջանին տվել է Պուտինը դեռեւս 2020 թվականի նոյեմբերին, երբ մենք 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածություն էինք ստորագրում»։
 
«Այդ պայմանավորվածություններում ասվում էր, որ Ղարաբաղը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է, եւ ենթադրվում էր, որ այդ մասին խոսակցություն է եղել բանակցությունների ընթացքում, որ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է եւ կքննարկվի ավելի ուշ»,-ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

  • Կիսվել: